Ռուսական լրատվամիջոցները հայտնում են ռուսական գազի մատակարարումը Հայաստան ժամանակավորապես Ադրբեջանի տարածքով իրականացնելու մասին: Այս տեղեկության առնչությամբ «Արմենպրես»-ը պարզաբանում է խնդրել «Գազպրոմ-Արմենիա» ընկերության հանրային կապերի ծառայության պատասխանատու Միքայել Հարությունյանից: Նա հիշեցրեց միայն, որ Հայաստանի գազամատակարարումը իրականացվում է Կարմիր Կամուրջ-Սևքար-Բերդ մայրուղային գազատարով: «Այլ մեկնաբանություն այդ տեղեկության առնչությամբ չունենք»,- հավելեց Հարությունյանը:
Ինտերֆաքսը, Կոմերսանտը, Սպուտնիկը և ռուսական այլ լրատվամիջոցները, վկայակոչելով ռուսական «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ի տարածած հաղորդագրությանը, հայտնում են, որ «Հյուսիսային Կովկաս — Անդրկովկաս» գազատարի պլանային կանխարգելիչ և վերանորոգման աշխատանքների ընթացքում ռուսական գազը սպառողներին կմատակարարվի Ադրբեջանի տարածքով: Նշվում է, որ «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ն և Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը մարտի 16-ին կարճաժամկետ պայմանագիր են կնքել Ադրբեջանի տարածքով ռուսական գազի փոխադրման համար:
Պայմանագիրը նախատեսում է, որ «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային գազատարի ռուսական հատվածում պլանային կանխարգելիչ և վերանորոգման աշխատանքների ժամանակ գազը սպառողին կհասնի Ադրբեջանի տարածքով մինչեւ Վրաստանի հետ սահմանը: Աշխատանքները կընթանան շուրջ երեք շաբաթ, դրանց ավարտից հետո գազի փոխադրումը նախկինի պես կանցնի Ռուսաստանի և Վրաստանի տարածքով:
«Արմենպրես»-ը փորձում է լրացուցիչ պարզաբանում խնդրել «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ից այս տեղեկության առնչությամբ: