Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Սիրիայի տարածքից երկրի հարավ-կենտրոնական Քիլիս նահանգում 2 հրթիռ է ընկել: Այս մասին ՊՆ-ն հայտարարություն է հրապարակել Twitter-ում:
«Հրթիռները, որոնք արձակվել են Սիրիայի տարածքից, ընկել են Քիլիսի նահանգի ամայի տարածքում: Մեր քաղաքացիները չեն տուժել:»,-ասված է հայտարարությունում: Հաղորդվում է նաև, որ նյութական կորուստներ չկան:
Թուրքիայի պատկան մարմինների համոզմամբ՝ հրթիռներն արձակվել են Սիրիայում քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատների» (YPG) վերահսկողության տակ գտնվող Թել Ռըֆաթ շրջանից:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանական և ռումբերի վնասազերծման ստորաբաժանումները: Միջադեպի առնչությամբ սկսվել է հետաքննություն:
Քիլիսի նահանգապետարանի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով 20:55-ին: