Իմքայլական մի խումբ պատգամավորներ շրջանառության մեջ են դրել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ սահմանադրական օրենքի, «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:
Փոփոխությունների նախագիծը հեղինակները հետեւյալ կերպ են հիմնավորել.
«Որպես դատական սանկցիայի առանձին տեսակ՝ նախատեսել իրավունքի իրականացման սահմանափակումը, որն առաջարկվում է դատարանի կողմից կիրառելի դարձնել այն դեպքերում, երբ դատավարության մասնակիցը, իր դատավարական իրավունքներից օգտվելիս, պարբերաբար չարաշահում է դրանք՝ վտանգելով դատավարության մյուս մասնակիցների իրավունքների պաշտպանության երաշխավորումն ու արդարադատության շահի ապահովումը: Դատավարության մասնակիցների նման վարքագիծը, չարժանանալով դատարանի իրավաչափ եւ համաչափ միջամտությանը, վտանգում է ողջամիտ ժամկետներում գործի քննության եւ լուծման պահանջը, խաթարում արդարադատության բուն էությունը եւ հանգեցնում հանրության մոտ դատական իշխանության նկատմամբ վստահության ու հարգանքի նվազման: Նախագծով առաջարկվում է, որպեսզի 2 դատարանը, դատավարության մասնակցի կողմից նման վարքագիծ պարբերաբար դրսեւորելու դեպքում, իրավունք ունենա սահմանել այն դատավարական իրավունքի իրականացման պայմանները (օր. քանակական եւ ժամկետային սահմանափակումներ կիրառելով), որոնց իրականացումն օգտագործվում է իրավունքի չարաշահում կատարելու համար: Համապատասխան փոփոխություններ են առաջարկվում նաեւ դատավարական օրենսգրքերում»:
Թեմայի առնչությամբ զրուցեցինք Ռ․ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի հետ՝ նրան հարցրինք, թե արդյոք այս փոփոխություններն արդար դատաքննության սկզբունքի եւ իրենց պաշտպանյալների իրավունքների խախտումներ չե՞ն։ Ալումյանն ասաց, որ, իր կարծիքով, եթե այս փոփոխությունները նույնիսկ ընդունվեն էլ, դրանք երկար կյանք չեն ունենա։
«Կա՛մ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական կճանաչի, կա՛մ էլ մեկնումեկը կդիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան, եւ այդ հարցը կսպառվի։ Այնուամենայնիվ, ուզում եմ հիշեցնել, որ այն մարդիկ, որոնք հիմա փորձում են այս փոփոխությունները կյանքի կոչել, վաղը հենց իրենց իրավունքներն են դրանով սահմանափակվելու, որովհետեւ ես, ճիշտն ասած, ունեմ կանխատեսումներ, որ իրենց մեծ մասը հայտնվելու է ամբաստանյալների աթոռներին։ Այնպես որ, իրենք պետք է պատկերացնեն, որ այդ փոփոխությունների «շահառուները», ամենայն հավանականությամբ, առաջիններից մեկն իրենք են լինելու»,- ասաց Ալումյանը։ Հարցրինք, թե ինչպես կարող է մեկնաբանել, երբ Քոչարյանի գործի համար մի քանի օրենք են փոփոխում՝ Քրեական դատավարության օրենսգիրքը, Դատական օրենսգիրքը եւ այլն։
«Ես շատ գործեր եմ տեսել, որոնցում նախապատրաստական մասը երկար է տեւում, որովհետեւ կան բազմաթիվ միջնորդություններ, բայց ես նաեւ տեսնում եմ, որ ոչ մի նման գործ մտահոգություն չի առաջացրել մեր ներկա քաղաքական իշխանությունների մոտ, բացի Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ քաղաքական գործից։ Հավանաբար, նրանք փորձում են օրենքը փոխելով ինչ-որ ձեւով ներազդել այդ գործի վրա, բայց էլի կրկնեմ այն միտքը, որ իրենք գուցե այդ ձեւով փորձում են պարոն Քոչարյանի իրավունքները սահմանափակել, բայց իրականում հենց իրենց իրավունքները կսահմանափակվեն, երբ իրենք ամբաստանյալների կարգավիճակում գտնվեն, թող մի կողմից էլ այդ փոփոխությունների ազդեցությունն իրենց վրա չափեն, տեսնեն՝ իրենց հարմա՞ր է լինելու այդ պայմաններում պաշտպանվել, թե՞ ոչ»,- պատասխանեց պաշտպանը։
Փոփոխությունների վերաբերյալ իր կարծիքն է արտահայտել նաեւ Փաստաբանների պալատը․ «ՀՀ փաստաբանների պալատը գտնում է, որ ներկայացված նախագծերի փաթեթն անթույլատրելի է եւ խիստ վտանգավոր, ուղղված է դատական պաշտպանության իրավունքի սահմանափակմանը, իրավական պաշտպանության իրավունքի ոտնահարմանը, անկախ դատական համակարգի վերացմանը եւ այլ հակասահմանադրական եւ հակաժողովրդավարական նպատակների իրագործմանը: Մասնավորապես, բացակայում է նախագծի ընդունման պատշաճ հիմնավորումը: Որպես հիմնավորում է ներկայացված մեկ նախադասություն, որով, ըստ էության, նշված է, որ նախագծային փաթեթի նպատակն է՝ ապահովել գործերի դատական քննության արդյունավետ իրականացումը… Այս մեկ նախադասությունը կրում է խիստ հռչակագրային բնույթ, չի պարունակում որեւէ վերլուծություն, որեւէ վիճակագրական տվյալ, որեւէ երկրի օրինակ եւ այլն: Անգամ նախագծի հեղինակները չեն նշել, թե մասնավորապես ինչպես կարող են առաջարկվող փոփոխություններն ազդել գործերի դատական քննության արդյունավետության վրա, կամ դրանց չկատարումը որքանով է դարձնում անարդյունավետ գործերի դատական քննությունը:
Ըստ էության, դատարանին հնարավորություն է տրվում սահմանափակել փաստաբանների ելույթ ունենալու, միջնորդություն ներկայացնելու եւ անգամ ապացույց ներկայացնելու իրավունքը, որպիսի պարագայում փաստաբանը չի ունենալու իրավական օգնություն տրամադրելու օբյեկտիվ հնարավորություն, ինչի արդյունքում նրա մասնակցությունը դատական գործընթացներին կրելու է ձեւական բնույթ, իսկ քաղաքացիներն էլ զրկվելու են իրենց սահմանադրական հիմնարար իրավունքից»։
hraparak.am