Կանադական ԱԹՍ-ների տեխնոլոգիան օգտագործվել է ղարաբաղյան պատերազմում. The Jerusalem Post-ի անդրադարձը

 Կանադայի կառավարությունն անցյալ տարի ԱԹՍ-ների տեխնոլոգիան վաճառել է Թուրքիային, ինչն Ադրբեջանն օգտագործել է 2020-ին Հայաստանի դեմ սանձազերծած պատերազմի ժամանակ:

The Jerusalem Post-ը գրում է, որ փաստաթղթերի համաձայն՝ Թրյուդոյի կառավարությունը Թուրքիային է փոխանցել անօդաչու թռչող սարքերի համար նախատեսված Wescam օպտիկան:

Պարբերականը նշում է, որ 2019-ին Կանադան դադարեցրել էր սպառազինության վաճառքը Թուրքիային, սակայն պահեստամասերի վաճառքը վերականգնվել էր 2020-ին Կանադայի վարչապետի հետ Թուրքիայի նախագահի հանդիպումից հետո:

Baykar-ը՝ Թուրքիայի ռազմարդյունաբերական ընկերությունը, որը կանադական Wescam օպտիկայի հիմքով դրոններ է արտադրում, սերտ կապեր ունի Էրդողանի փեսայի հետ:

Թուրքական կողմը կտրուկ էր արձագանքել այն բոլոր փորձերին, որոնց միջոցով ցանկացել են բացահայտել կանադական տեխնոլոգիաների կիրառումը: Մեծ թվով թուրքական ԱԹՍ-ներ են օգտագործվել 2020-ի ղարաբաղյան պատերազմի ժամանակ: Անօդաչու թռչող սարքերի ակտիվ կիրառումը մեծ հրդեհների պատճառ էր դարձել:

Լեռնային Ղարաբաղի պատերազմում իրենց ԱԹՍ-ների տեխնոլոգիաների կիրառման համար քննադատվել են ոչ միայն Կանադան ու Թուրքիան: Այս համատեքստում, թիրախավորվել է նաև Իսրայելը, որի մահապարտ ԱԹՍ-ները՝ Orbit 1K և Harop, նույնպես ներգրավվել են պատերազմում: Պարբերականը նշում է, որ Հայաստանի իշխանություններն իրենց խիստ դժգոհությունն են հայտնել հակառակորդին իսրայելական դրոնների վաճառքի վերաբերյալ:

Հեղինակ`Մարի Կոստանյան
1lurer.am