Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Շուշիի հայ բնակչության ջարդերի տարելիցի կապակցությամբ, որը ներկայացնում ենք ստորև.
«101 տարի առաջ այս օրն Ադրբեջանի Հանրապետության իշխանությունները, թուրքական կանոնավոր բանակի և բազմաթիվ զինված ավազակախմբերի հետ համագործակցությամբ, կազմակերպեցին Շուշիի հայ ազգաբնակչության կոտորածը՝ գրեթե հիմնովին ավերելով Արցախի պատմական մայրաքաղաքը: Շուշիի ցեղասպանությունը արհեստականորեն ստեղծված «Ադրբեջան» կոչվող պետության՝ Արցախի նկատմամբ զավթողական քաղաքականության առաջին դրսևորումն էր:
Այդ հրեշավոր հանցագործության արդյունքում հազարավոր հայեր սպանվեցին, տասնյակ հազարավորներ ստիպված եղան լքել քաղաքը, ոչնչացվեց հայկական մշակութային ժառանգությունը, թալանվեց մարդկանց ունեցվածքը, պղծվեցին սրբավայրերը:
Այս ողբերգական իրադարձությունն ազդակն էր այն քաղաքականության, որն Արբեջանը պետք է որդեգրեր հետագա տասնամյակների համար: Նման մարդատյաց գործողությունների շարունակությունը դարձավ 1988 թվականից ի վեր հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից պետական մակարդակով իրականացվող հայատյաց քաղաքականությունը, որն ուղեկցվում էր ճնշումներով, էթնիկ զտումներով և կոտորածներով:
Այն հանգամանքը, որ Բաքվի և Անկարայի ցեղասպան քաղաքականությունն այդպես էլ չարժանացավ միջազգային հանրության համարժեք գնահատականին, իսկ ոճրագործները մնացին անպատիժ, պատճառ դարձավ, որ Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ և միջազգային ահաբեկիչների ներգրավմամբ, 2020 թ. սեպտեմբերի 27-ին նոր ագրեսիա սանձազերծի Արցախի դեմ՝ դավադրաբար տիրանալով հայոց բերդաքաղաք Շուշիին։
1920 թ. Շուշիի հայ բնակչության ջարդերը և 2020 թ. քաղաքի բռնազավթումը ոչ միայն Արցախի և հայ ժողովրդի հանդեպ ցեղասպան քաղաքականության դրսևորում են, այլև հանցագործություն մարդկության ու մարդկայնության դեմ, միջազգային իրավունքի և նորմերի կոպտագույն խախտում:
Արցախահայությունը երբեք չի հաշտվի Շուշիի կորստի հետ։ Շուշին եղել է, կա և կմնա Արցախի անբաժան մասը։ Կարվի առավելագույնը Արցախի գրավյալ տարածքների դեօկուպացիայի և պատմական արդարության վերականգնման համար»: