ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը վստահեցնում է, որ եթե ընտրություններից առաջ «Իմ քայլը» խորհրդարանում ընդունի նոր Ընտրական օրենսգիրք, ապա ԼՀԿ-ի հետ ունեցած բոլոր գործող պայմանավորվածությունները ջուրը կլցվեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջի ուղիղ հեռարձակմամբ՝ առաջարկելով ընտրություններից առաջ խաղի կանոնները չփոխել:
«Մենք ասել ենք՝ եթե օրենսգիրքը փոխվի էլ, ընտրություններին մասնակցության մեր որոշումը չի փոխվելու, որովհետև ընտրություններն այլընտրանք չունեն, կմասնակցենք ընտրություններին: Բայց խաղի ընթացքում խաղի կանոնները չի կարելի փոխել»,- ասաց Մարուքյանը:
Ըստ ԼՀԿ ղեկավարի, սակայն, մշակված Ընտրական օրենսգիրքն ամբողջությամբ հում օրենսգիրք է, և իրենք առաջարկում են, որ այդ հում օրենսգիրքը հիմա չընտրվի, դրանով չգնան արտահերթ խորհրդարանական ընտրությունների: «Ընտրության օրը հայտարարելուց հետո չի կարելի փոխել գործող խաղի կանոնները: Նոր խաղի կանոններ ընդունելը նշանակում է ընտրության օրը կասկածի տակ դնել, հետևաբար ճգնաժամը խորացնել երկրում»,- նշեց Մարուքյանը:
Ամբողջական համամասնական ընտրակարգին անդրադառնալով՝ Մարուքյանն ասաց՝ դա նշանակում է, որ կուսակցության ղեկավարները կամ գոնե կուսակցության խորհուրդներն են նշանակելու պատգամավորներ: « Հետաբար, ժողովուրդը ընտրելու է կուսակցության՝ լիդերի համար, սակայն ընտրվելու են պատգամավորներ, որոնց ժողովուրդը չի ընտրում»,- ասաց նա:
ԼՀԿ-ն առաջարկել էր, որ ընտրություններն արվեին համամասնական ընտրակարգով, բայց բաց ցուցակով, սակայն այդ առաջարկը չէր ընդունվել: «Մենք առաջակել էինք ավելի լավ համակարգ, որը չի ընդունվել: Եթե ուզենան հիմա ընդունել, հունիսի 20-ին ընտրություն չի կարող լինել»,- նշեց Մարուքյանը:
Նա շեշտեց՝ հետևաբար պետք է ձեռնպահ մնալ Ընտրական օրենսգրքին ձեռք տալուց: «Եթե Ընտրական օրենսգիրքը բերվի, և «Իմ քայլը» միաձայն ընդունի, դա կնշանակի, որ մեր հետ ունեցած բոլոր գործող պայմանավորվածությունները ջուրն են լցնելու դրանով, որովհետև մենք պայմանավորվել էինք, որ հունիսի 20-ին անում ենք ընտրություններ, և ոչ մի բանին չենք միջամտում: Եվ դրանով սպասվող ընտրությունների լեգիտիմությունը դրվելու է կասկածի տակ»,- եզրափակեց ԼՀԿ ղեկավարը:
Հայաստանում հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 18-ին Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից, ավելի վաղ Հայաստանի Հանրապետության նախագահի, «Իմ քայլը» խմբակցության, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ ունեցած քննարկումներից հետո: