Անդրանիկ Քոչարյանը պատասխանել է Ռուբեն Հայրապետյանին

 ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռուբեն Հայրապետյան, մեկ տարի առաջ քո դարակազմիկ հայտարություններին ի պատասխան դու ստացար սպառիչ և քո «կեցվացքին» համապատասխան արձագանք, և ես հույս ունեի, որ արդարադատությունից փախչելուց հետո, դու պետք է առնվազն հեռանայիր Հայաստանի հանրային կյանքից, քանի որ դու և քո քաղաքական գործընկերները՝ ձեր հոգեհոր՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ վաղուց մերժված եք։
Բայց դու հերթական անգամ հայտնվեցիր եթերում՝ քո սիրելի Սաթիկ Սեյրանյանին և իր աշխատանքային խմբին ՌԴ հրավիրելով։
Հաղորդման ընթացքում աչք էր զարնում քո ճարպակալած կերպարը, գուցե դրանով էր պայմանավորված նաև քո ուղեղի ճարպակալումը, քանի որ ակնհայտորեն տառապում ես ամնեզիայով (փակագծում նշեմ բացատրությունը, որ շատ չտանջվես՝ հիշողության իսպառ բացակայություն)։ Մանրամասնեմ՝ ես բնավ ժամանակ չէի կորցնի քո ստերն ու կեղծիքները լսելու կամ քո երկրորդ հայտնության դրդապատճառները մեկնաբանելու համար, քանի որ քո ստերն առնչվում էին ոչ միայն իմ անունը շահարկելուն, այլև այն մարդկանց, որոնց քեզ նման նկարագիր ունեցող անձը չի կարող վարկաբեկման առարկա դարձնել։

Ամեն մարդ իր կյանքում ունենում է դրվագներ, որոնք ձգտում է մոռացության մատնել, տվյալ դեպքում՝ դա վերաբերում է քեզ, երբ 90-ականներին իմ՝ ներքին գործերի, ապա պաշտպանության նախարարի առաջին տեղակալ լինելու տարիներին, դու շուրջ 4 տարի այդ նախարարությունների պատերի տակ ամեն գնով ընդհանուր ծանոթներ էիր փնտրում՝ իմ հայացքին արժանանալու և իմ շրջապատի կողքին հայտնվելու նպատակով:
Հիմա հիշեցնեմ քո՝ Հայաստանի բիզնես աշխարհ հայտնվելու մասին։
90-ականներին վարչապետի օգնական Սմբատ Հակոբյանի միջնորդությամբ Ավանի «Վետերոկի» հասարակ աշխատակիցը դարձավ Երևանի «Հայ ծխախոտ» գործարանի գլխավոր տնօրենի տեղակալ։ Շատերը կհիշեն, որ այդ պաշտոնը ստանալուց առաջ, դու ինքնակամ ստանձնել էիր Ս․ Հակոբյանի հետևից պտտվող «անվտանգության աշխատակցի» դերակատարությունը։ Հասարակությունը չի մոռացել 2016թ․ սեպտեմբերի 21-ին՝ Անկախության օրվա «առիթով» նրա հանդեպ քո տեսած դաժան հաշվեհարդարի պատմությունը։
Ինչպես երևում է, դու՝ մինչև 2018թ․-ը մշտապես ընկերների քողի տակ փնտրել ես հովանավորներ՝ հատկապես ուժային կառույցներում՝ սկզբից Սմբատ Հակոբյանը, ապա ես, հետո ԱԱԾ նախկին տնօրեն Կառլոս Պետրոսյանը, հետագայում՝ ԱԱԾ տնօրեն Սերժ Սարգսյանը և ներկա իշխանության պարագայում՝ ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ Վերջինիս հետ ձեր հարաբերությունները ունեին նաև բիզնես ուղղվածություն, որի շրջանակներում էլ դու ՀՀ Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահությունը հանձնեցիր նրան։ Վանեցյանի՝ ԱԱԾ տնօրեն լինելու ժամանակահատվածում,Ազգային անվտանգությունը հետաքրքրված էր պարբերաբար քեզ այնտեղ ընունելության արժանացնելով։ Կարծում եմ, որ քո այժմյան շրջապատը առնվազն պետք է անհանգստանա քո այդօրինակ շփումներից։
Հիշեցնեմ նաև, որ հովանավորներ փնտրելու ճանապարհին, չնայած առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիները ըստ քո ճաշակի չընդունելով, հաճույքով ասֆալտապատում էիր նրա առանձնատան բակը։ 1998թ-ին՝ ձգտել ես նաև արժանանալ Գագիկ Ջհանգիրյանի հովանավորությանը։

 Սակայն, բացի հովանավորներ փնտրելուց, դու շատ արագ նաև ուրանում ես նրանց՝ ինչպես Խորեն Հովհաննիսյանին, Հրանտ Վարդանյանին, Լիդա Սահակյանին և այլոց։ Այս ցանկը անվերջ կարելի է շարունակել։ Հովանավորներին մոռանալը սերտորեն կապված է անձի պաշտոնի և դիրքի փոփոխության հետ։
     Հարցազրույցի ընթացքում, սակայն, ամենազարհուրելին այն էր, որ դու փորձում էիր հանդես գալ բանակի գեներալիտետի պաշտպանի կարգավիճակում՝ միաժամանակ վարկաբեկելով մեր անցյալի և ներկայի հերոսապատումների մեջ ներգրավված մարդկանց՝ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանին, գեներալ-լեյտենանտ Գուրգեն Մելքոնյանին, ով արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում 44 օր չի լքել Քարվաճառը։ Ի դեպ, Մելքոնյանը, Սերժ Սարգսյանի՝ պաշտպանության նախարար եղած ժամանակ զբաղեցրել է Պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը։

Այս մարդկանց մասին քո կողմից արված մեկնաբանությունները կարելի է բնորոշել որպես ստահակության դրսևորում։
 Բանակի գեներալիտետին պաշտպանում է մի մարդ, ում ենթակայության տակ գտնվող անվտանգության աշխատակիցները դաժան ծեծի արդյունքում սպանեցին սպա Վահե Ավետյանին։ Լավ ճանաչելով թե՛ քեզ, թե՛ անվտանգության այդ աշխատակիցներին՝ կարող եմ ենթադրել, որ նրանք առանց քո անմիջական կարգադրության ոչինչ չէին համարձակվի անել։ Եվ դու «ցավում ես» այդ դեպքի առնչությամբ։ Միաժամանակ, բանակի պաշտպանի կարգավիճակում հանդես գալուց առաջ հիշիր, որ բանակում շատ էին խոսում այն մասին, թե ինչպես էիր որպես Սերժ Սարգսյանի անձնական օգտագործման օլիգարխ, քո սեփական հողի վրա կառուցված ֆուտբոլի ակադեմիայի տարածքում գեներալների ընդունում։ Փաստորեն, ինչ-որ պահից սկսած, գեներալները իրենց կարիերայի առաջընթացը կապում էին քո անձի հետ։ Այնինչ, դեռևս այդ ժամանակ էր պետք քեզ մեկուսացնել ուժայիններից։

Հիշեցնեմ նաև, թե ինչպես վարվեցիր ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի բժիշկ Վարդան Հովասափյանի հետ, ով անուրանալի ծառայություններ էր մատուցել նաև քո ընտանիքին։
Ինչ վերաբերում է 2016թ․ պատերազմի հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովին, ասեմ, որ եթե Հանձնաժողովի նախագահը և Սահմանադրությամբ՝ օրենքի ուժով ձևավորված Հանձնաժողովը՝ որպես մարմին, կշիռ չունենային և կապ չունենային բանակի հետ, հանձնաժողով չէին ներկայանա ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, Արցախի նախկին նախագահը, ներկա և նախկին մի շարք բարձրաստիճան սպաներ։ Ստացվում է, որ հարցազրույցի ընթացքում դու մե՛կ կարևորում ես այս մարդկանց, մե՛կ արժեզրկում՝ շահարկելով նրանց՝ Հանձնաժողովի նիստերին ներկայանալու հանգամանքը։
Այս պահին, ստանձնելով գլխավոր խառնակչի դերակատարումը՝ փորձում ես լարվածություն մտցնել իմ, Պաշտպանության նախարարի և Զինված ուժերի միջև՝ մոռանալով, որ ներկայիս նախարարին առաջին անգամ այդ պաշտոնում նշանակել է սպարապետ Վազգեն Սարգսյանը։ Քո այս պահվածքի պատճառն ակնհայտորեն այն է, որ մինչ օրս պատժված չես։
Սա հիշողությունների թարմացման առաջին էտապն էր միայն, և կարծում եմ սա կարդալուց հետո, քո կողմից սիրելի Սաթիկ Սեյրանյանի, Աննա Իսրայելյանի և մյուսների հաղորդումների ընթացքում կկենտրոնանաս միայն քեզ առաջադրված քրեական հետապնդման գործի վրա։ Ի դեպ այս առնչությամբ էլ հիշեցնեմ, որ «Առավոտ» թերթի խմբագրակազմի մի մասի հետ դու ժամանակին ծանոթացել ես իմ միջոցով։
 Հաճախ ես հոխորտում՝ վախկոտներին անվանելով նապաստակներ, ուստի, առաջարկում եմ քեզ օր առաջ գալ Հայաստան և ապացուցել, որ դու առյուծ ես։ Լիահույս եմ, որ մեր հաջորդ հանդիպումը կլինի նոր Հայաստանում, որտեղ ուժային կառույցներում դու այլևս հովանավորներ չունես։
Վերջում՝ թերևս մի հարցում համաձայնեմ քեզ հետ, 1999թ-ի հոկտեմբերի 27-ի արյունոտ էջից հետո մինչև 2018թ․-ը ես Արցախ ոտք չեմ դրել։
Հուսով եմ, որ դեռևս այսքանը հերիք կլինի այլևս քեզ էկրանում չտեսնելու համար»։