Սյունիքի մարզի Քաջարան և Մեղրի քաղաքներում կայացել է հանրային իրազեկման հանդիպումների առաջին փուլը՝ նվիրված Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ հատվածի վերակառուցման ծրագրին։
Ծրագրի պատվիրատուի՝ ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի, նախագծող կազմակերպության՝ «Այ Ար Դի Ինջեներինգ» և «Ջի Փի Ինջեներիա» (Իտալիա) համատեղ ձեռնարկության ներկայացուցիչները Քաջարան և Մեղրի համայնքների բնակիչների հետ հանդիպումներում մանրամասն ներկայացրել են Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի նախնական նախագիծը և նախագծի շրջակա միջավայրի, ինչպես նաև սոցիալական ազդեցության վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը: Հանրային քննարկման ընթացքում անդրադարձ է եղել նախագծային, տեխնիկական պարամետրերին, շինարարության հետևանքով շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցություններին, ինչպես նաև՝ հողերի օտարման և տարաբնակեցման խնդիրներին։
Մասնավորապես, նշվել է, որ Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ հատվածի կառուցումը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներով։ Ճանապարհահատվածն ունենալու է մոտ 45 կմ ընդհանուր երկարություն, որի առաջին հատվածի շինարարությունը (շուրջ 32 կմ) նախատեսվում է սկսել 2022 թվականին։ Նախատեսվող ճանապարհը որոշ հատվածներում անցնելու է գոյություն ունեցող ճանապարհով, որոշ հատվածներում կառուցվելու է նոր ծրագծով։ Վերակառուցվելիք ճանապարհի շնորհիվ կրճատվելու է Քաջարան և Մեղրի համայնքներով տրանսպորտային երթևեկությունը (նախատեսվում են համապատասխան շրջանցումներ), զուգահեռ շահագործվելու է նաև Մ-2 միջպետական ճանապարհի՝ ներկայում գոյություն ունեցող հատվածը, և ցանկության դեպքում վարորդները կկարողանան երթևեկել նաև հին ճանապարհով։ Ըստ նախագծի՝ կկառուցվեն կամուրջներ, տրանսպորտային հանգույցներ‚ թունելներ։ Բոլոր թունելները նախագծված են միջազգային չափանիշներին համապատասխան, կիրառվելու են անվտանգության մի շարք միջոցառումներ՝ հակահրդեհային պաշտպանություն, օդափոխման համակարգ, սեյսմակայունություն և այլն։
Նախագիծն իրականացնելիս իտալական կազմակերպությունը մի քանի փուլով կատարել է գեոտեխնիկական ուսումնասիրություն՝ համագործակցելով տեղացի մասնագետների հետ։
Նոր ճանապարհը կկրճատի ինչպես տարածությունը (մոտ 14 կմ-ով), այնպես էլ երթևեկության ժամանակահատվածը. 80 կմ/ժ հաշվարկային արագության դեպքում կխնայվի մոտ 38 րոպե ժամանակ։
Հանրային քննարկման կազմակերպիչները պատասխանել են նաև համայնքների բնակիչներին հետաքրքրող հարցերին։ Դրանք հիմնականում վերաբերում էին հողերի օտարման, փոխհատուցման խնդիրներին. բնակիչները ցանկանում էին տեղեկանալ, թե ինչ ազդեցություն են կրելու իրենց հողատարածքները։
Ազդակիր համայնքների բնակիչներին հետաքրքրում էր նաև իրենց ներգրավվածությունը ճանապարհի շինաշխատանքներում։ Ճանապարհային դեպարտամենտի աշխատակիցները տեղեկացրել են, որ տեղի աշխատուժի ներգրավումը շինաշխատանքներում կապալառու կազմակերպության հետ կնքվելիք պայմանագրի պարտադիր պայմաններից է լինելու։
Ընդգծվել է նաև, որ քննարկվող նախագիծը նախնական է, այն լրամշակվելու է՝ հաշվի առնելով համայնքների կողմից ստացված առաջարկները։