ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը վստահեցնում է, որ սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններում բացառվում է, որ իշխանությունը որևէ լծակ օգտագործի, կեղծի ընտրության արդյունքները:
Բադասյանն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով ԼՀԿ-ից Սրբուհի Գրիգորյանի հարցին, թե ինչ մեխանիզմներ են գործածվելու, որ ընտրություններին բացառվեն խախտումները, իշխանությունը լծակներ չօգտագործի:
Նա չբացառեց, որ Քրեական օրենսգրքում կամ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում փոփոխություններով ընտրական հանցագործությունների բացահայտման, քննության ավելի արդյունավետ մեխանիզմներ լինեն: Նախարարը նկատեց, որ Ընտրական օրենսգիրքը մնացած մասով բոլոր հնարավորություններն ընձեռնում է նաև քաղաքացիական հասարակությանը, ընդդիմադիր խմբակցություններին, նաև արտախորհրդարանական ուժերին՝ իրականացնել իրենց վերահսկողությունը: