45-ից բարձր տարիք ունեցողներին ներգրավվել պայմանագրային զինծառայության մեջ. ԼՀԿ

 Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկում է «Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ներկայացրեց, որ նախագծով առաջարկվում է 45 տարեկան և բարձր տարիք ունեցող տղամարդկանց ներգրավվել պայմանագրային զինծառայության մեջ։ Նրա խոսքով, նախագծի անհրաժեշտությունն առաջացել է այն ժամանակ, երբ իրենց դիմել են պատերազմի մասնակիցներ, ՀՀ քաղաքացիներ, որոնց տարիքը բարձր է 45-ից, սակայն նրանք ունեն պատերազմի մասնակցության, կռվի փորձ, առողջ են, բայց օրենսդրությունն արգելում է, որ նրանք ներգրավվեն պայմանագրային զինծառայության մեջ: 

Պատգամավորը տեղեկացրեց, որ գործող օրենսդրությամբ՝ 45 տարեկանից հետո այլևս հնարավորություն չկա ծառայելու՝ որպես պայմանագրային զինծառայող։

«Նախագիծը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է, ու թեև Կառավարությունը բացասական եզրակացություն էր տվել, հանձնաժողովը տվեց դրական եզրակացություն՝ պայմանով, որ հանձնաժողովի ու կառավարության  առաջարկները քննարկվեն և ընդունվեն»,- նշեց նա։

Էդմոն Մարուքյանը տեղեկացրեց, որ իրենք առաջարկել են պայմանագրային զինծառայության համար որպես բարձրագույն շեմ սահմանել 63 տարեկանը, սակայն հանձնաժողովը նշել է, որ տարիքային այդ շեմը շատ բարձր է։

«Մենք պատրաստ ենք քննարկել ցանկացած տարիքային շեմ, որը բարձր է 45-ից, օրինակ՝ կարելի է դարձնել 55, կամ՝ 58, բայց ես կարծում եմ, որ պետք է հնարավորություն տալ սահմանամերձ համայնքների տղամարդկանց պաշտպանել իրենց հողը և ստանալ աշխատավարձ»,- ասաց Մարուքյանը: