ԵՄ-ն չի բացառում Թուրքիայի դեմ տնտեսական պատժամիջոցների կիրառումը

Եվրամիության (ԵՄ) արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ժոզեֆ Բորելը և Եվրահանձնաժողովը մարտի 25-26-ին կայանալիք ԵՄ գագաթաժողովից առաջ Թուրքիայի վերաբերյալ զեկույց են պատրաստել, որը քննարկման առարկա է դարձել թուրքական մամուլում:

Թուրքական լրատվամիջոցները մեկնաբանել են, որ զեկույցի տեքստը «լի է շանտաժներով»:

Զեկույցում նշվում է, որ ԵՄ անդամության թեկնածու երկիր Թուրքիայի հետ ավելի խորքային առևտրային կապեր հաստատելու նպատակով պետք է բանակցություններ սկսել:

Նաև շեշտվում է սիրիացի փախստականներին ապաստան տրամադրելու համար Թուրքիային ավելի շատ ֆինանսական աջակցություն ցուցաբերելու, դեպի ԵՄ վիզային ռեժիմը վերացնելու, ավելի բարձր մակարդակի դիվանագիտական շփումներ հաստատելու ու ընդլայնված շրջանակով մաքսային միությանը միանալու անհրաժեշտության մասին:

«Սակայն վերոթվարկյալը հնարավոր կարող է լինել այն դեպքում, եթե Թուրքիան հարգի մարդու իրավունքները և ավելի ճկունություն ցուցաբերի (զիջումների գնա) Կիպրոսում և Արևելյան Միջերկրականում հիդրոկարբոնային պաշարների իրավունքների հարցում»,-ասվում է զեկույցում:

Թուրքական լրատվամիջոցները՝ մեկնաբանելով այս զեկույցը, նշում են, որ ԵՄ-ն չի սահմանափակվում միայն  հիշյալ «սպառնալիքներով», այլև դիմում է Թուրքիայի դեմ ճնշումներ գործադրելու համար «պատժամիջոցային շանտաժի»: 

Հաղորդվում է, որ եթե պաշտոնական Անկարայի քայլերը հակասեն ԵՄ-ի շահերին, ապա Թուրքիայի դեմ պետք է տնտեսական պատժամիջոցներ կիրառել:

Սակայն թուրքական մամուլը պնդում է, որ միայն որպես հաղթաթուղթ օգտագործելու համար քննարկվող պատժամիջոցները կլինեն փոքրամասշտաբ և կարող են ներառել միայն պատժիչ միջոցներ էներգետիկայի և զբոսաշրջության ոլորտի անձանց դեմ:

 

ermenihaber.am