Տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճակում Հայաստանը մշակել և ԵԱՀԿ նախարարական խորհրդին է արդեն ներկայացրել իր մոտեցումները, որոնք ենթադրում են նաև Արցախի կարգավիճակի որոշում՝ հիմնված ինքնորոշման իրավունքի իրացման վրա, Արցախի ժողովրդի համապարփակ անվտանգության ապահովում, Ադրբեջանի կողմից Արցախի տարածքների դեօկուպացիա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի ներկայացմանը:
ԱԳ նախարարը խոսեց նախորդ տարվա մասին՝ համավարակի և պատերազմի մասին՝ տարին համարելով անկախությունից ի վեր թերևս ամենածանրը:
Նա վստահեցրեց, որ ԱԳՆ-ի կողմից մեծածավալ աշխատանքներ են իրականացվել միջազգային հանրության շրջանում ամրագրելու Ադրբեջանի՝ ագրեսիան հրահրողի կերպարը, ապահովելու միջազգային հանրության դիրքորոշումը ռազմական գործողություններում՝ Թուրքիայի և վերջինիս կողմից հովանավորվող զինյալ ահաբեկիչների ներգրավման մասին, մեծացնելու ճնշումը՝ թուրք-ադրբեջանական դաշինքի վրա, դադարեցնելու ռազմական գործողությունները:
«Այժմ մեր տարածաշրջանը թևակոխել է նոր մարտահրավերներով մի շրջան, որն առավել հրամայական է դարձնում տարածաշրջանում կայունության, անվտանգության և խաղաղության մեջ շահագրգռված գործընկերների հետ համագործակցության ամրապնդումը: Միաժամանակ այդ զարգացումները ցույց տվեցին, որ կարիք ունենք ԵԱՀԿ Մինսկի խմբի ուժեղ համանախագահության, որը կկարողանա առաջնորդել խաղաղ գործընթացը՝ տարիների ընթացքում մշակված սկզբունքների և տարրերի հիման վրա»,-ասաց նախարարը:
Նա նշեց, որ պատերազմից հետո ՀՀ ԱԳՆ-ն ձեռնամուխ է եղել ստեղծված նոր իրավիճակում Հայաստանի մոտեցումների մշակմանը, որոնք առաջին անգամ համապարփակ ձևով ներկայացվել են դեկտեմբերի սկզբին ԵԱՀԿ նախարարական խորհրդի նիստի ժամանակ: «Այդ մոտեցումները ենթադրում են Արցախի կարգավիճակի որոշում՝ հիմնված ինքնորոշման իրավունքի իրացման վրա, Արցախի ժողովրդի համապարփակ անվտանգության ապահովում, Ադրբեջանի կողմից Արցախի տարածքների դեօկուպացիա, վերջերս տեղահանված բնակչության անվտանգ և արժանապատիվ վերադարձն իրենց բնակավայրերը, Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանությունը»,-ասաց Այվազյանը:
Հայկական կողմի առաջնահերթությունների շարքում առանցքային տեղ է զբաղեցնում նաև Արցախում հումանիտար իրադրության հասցեագրումը, միջազգային գործընկերների՝ մասնավորապես ՄԱԿ-ի ու նրա կառույցների ուղղակի ներգրավվածությամբ: Նախարարը Ադրբեջանի կողմից Արցախին հումանիտար աջակցության ցուցաբերման խոչընդոտումը խստագույնս դատապարտելի համարեց: ԱԳՆ-ն ջանքեր է գործադրում միջազգային գործընկերների հետ՝ համագործակցության միջոցով հումանիտար խնդիրների թեթևացման ուղղությամբ: «Անհապաղ լուծում պահանջող հումանիտար հարցերի շարքում է ադրբեջանական կողմից պատանդառության մեջ գտնվող հայ գերիների անհապաղ ու անվտանգ հայրենադարձումը: ԱԳՆ-ն իր ուշադրության կենտրոնում է պահում ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության հարցը»,-վստահեցրեց նախարարը: