Թուրքիայում օրեցօր ավելանում են սիրիացի փախստականներին նսեմացնելու փորձերը և նրանց վրա հարձակման դեպքերը, որոնք երկրի իշխանությունների որդեգրած խտրականության և ռասիզմի արդյունք են:
Թուրքիայի հարավ-արևելյան Գազիանթեփ նահանգում սիրիացի մի ընտանիք իր տան մեջ քարերով հարձակման է ենթարկվել: Հարձակման պահը տեսանկարահանվել և տեղադրվել է համացանցում:
Տեսանյութում սիրիացի կինը նշում է, որ իրենց ու երեխաների կյանքն վտանգված է: Նա, ցույց տալով քարի հարվածից աչքի վնասվածք ստացած երեխային, ասում է. «Մեր երեխաները սարսափում են, երբ լսում են թուրք անունը»:
Սիրիացի կինը հռետորական հարց է տալիս՝ ինչի՞ց է, որ հենց իրենց հանդեպ է այդ ռասիզմը: Նրա խոսքով՝ Թուրքիայում սիրիացիները միշտ խտրականության են ենթարկվում: Այնուհետև դիմելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ ասում է. «Մենք պահանջում ենք մեր կյանքի անվտանգությունը և ուրիշ ոչինչ»:
Միջադեպի կապակցությամբ հայատարարությամբ է հանդես եկել Գազիանթեփի նահանգապետը: Վերջինս հայտնել է, որ կատարվածը հարևանների միջև տեղի ունեցած վեճի հետևանք է: Նահանգապետի համոզմամբ՝ այդ դեպքը ոչնչով չի տարբերվում թուրքերի միջև կամ էլ սիրիացի համայնքի անդամների միջև տեղի ունեցած վեճերից: