SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 26-ին ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ, իրականացել են հատուկ օպերացիա, որը կրել է «Իտալական ծովահրեշի արկածները Ջրվեժի «Հրաշք» հյուրանոցային համալիրում» անվանումը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված օպերացիայի արդյունքում Ջրվեժ գյուղում գործող «Հրաշք» հյուրանոցային համալիրի սենյակներից մեկից Արաբկիրի ոստիկանները ոստիկանության Արաբկիրի բաժին են բերման ենթարկել Վրաստանի Հանրապետության քաղաքացիներ, 32-ամյա Սաբա Սիճինավային և 44-ամյա Ռեֆազ Թաթուաշվիլիին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մարտի 26-ին ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի շենքերից մեկի 39-ամյա բնակչուհի Անի Հ.-ն և հայտնել, որ հարմարեցված բանալու միջոցով բացել են իր բնակարանի դուռը և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար, ոսկյա զարդեր: Դեպքի վայր են մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ա. Վաթյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական վարչության խումբը՝ քննչական բաժնի պետի տեղակալ Համբարձում Պետրոսյանի գլխավորությամբ: Արդեն տեղում ոստիկաններին և քննիչներին տուժած Անի Հ.-ն հայտնել է, որ բնակարանից հափշտակել են 23 հազար ԱՄՆ դոլար, 2 մլն ՀՀ դրամ, 70 հազար ՌԴ ռուբլի և մոտ 5 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ ոսկյա զարդեր: Տուժածը նաև իրավապահներին հայտնել է, որ ինքը գողության մեջ կասկածում է իր ծանոթներից մեկին: Նույն օրը Ա. Վաթյանի գլխավորությամբ ստեղծվել են օպերատիվ-հետախուզական խմբեր՝ քրեական հետախուզության և անչափահասների գործերով բաժանմունքների ծառայողների մասնակցությամբ: Մեկ այլ խումբ էլ ստեղծվել է քննչական բաժնի պետի տեղակալ Հ. Պետրոսյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները աշխատել են ոչ միայն տուժածի հայտնած տեղեկությունների ճշտման ուղղությամբ: Կարճ ժամանակ անց, Ա. Վաթյանի կողմից կատարված օպերատիվ աշխատանքի արդյունքում ճշտվել է ենթադրյալ կասկածյալների ինքնությունը և համոզված լինելով, որ տեղեկատվությունը հավաստի է, Արաբկիրի ոստիկանները գործի են անցել և արդեն «Հրաշք» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել են կասկածյալները, ինչպես նաև գողոնի մի մասը, այդ թվում՝ գումարներ և ոսկյա զարդեր: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ս. Սիճինավան նախկինում դատապարտված է եղել Իտալիայում՝ գողություն, Վրաստանի Հանրապետությունում՝ ավազակություն կատարելու համար: Հ. Պետրոսյանի որոշմամբ նրանք ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վաղը քննչական մարմինը դիմելու է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի նրանց նկատմամբ որպես խափանման միջոց դատարանը երկամսյա կալանքի որոշում կայացնի:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
shamshyan.com