Այսօր՝ մարտի 30-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն, որ Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 82-րդ կմ հատվածում՝ Քյարքիի ոլորանների ձորում, ավտոմեքենա կա գլխիվայր շրջված, իսկ դրանից մոտ 20 մետր հեռավորության վրա՝ տղամարդու դի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության Արարատի թիվ 24 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ հրամանատարի տեղակալ Արսեն Բաբագուլյանի գլխավորությամբ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Կամո Ցուցուլյանն ու ոստիկանության Արարատի բաժնի պետ Վահագն Գրիգորյանը: Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի և դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ: Ոստիկանները վթարի վայրում՝ ասֆալտին, հայտնաբերել են արնանման հետքեր, ինչի համար էլ դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության փորձաքրեագետը: Այս պահին դեպքի վայրի զննություն է կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Արարատի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Արթուր Ավետյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Արամ Պողոսյանի և Վոլոդյա Սարգսյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևան քաղաքի բնակիչ, 51-ամյա Ժիրիկ Շաջանյանն է, ով, ըստ դեպքի վայր ժամանած նրա ընկերների՝ աշխատում էր որպես մենեջեր ու այսօր նրա հարազատները, նրա անհայտ կորելու մասին դիմում են ներկայացրել ոստիկանության Էրեբունու բաժին և որոնելու արդյունքում նշված հատվածում ընկերները նրան հայտնաբերել են մահացած վիճակում: Ձորում հայտնաբերվել է նաև նրա վարած Ford Transit ավտոմեքենան՝ գլխիվայր շրջված: Փաստի առթիվ Արարատի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
shamshyan.com