Մարտի 26-ին Սահմանադրական դատարանը Սահմանադրության 78-րդ (համաչափության սկզբունքը) եւ 79-րդ (որոշակիության սկզբունքը) հոդվածներին հակասող եւ անվավեր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը, որով Մարտի 1-ի գործի շրջանակներում մեղադրվում էին ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Շուրջ 2.5 տարի ՍԴ-ն այս գործը քննելուց հետո ի վերջո որոշեց, որ Քոչարյանին ու մյուսներին մեղսագրվող արարքը՝ «սահմանադրական կարգի տապալում», նկարագրող հոդվածը հակասահմանադրական է։ Նույնիսկ ՍԴ-ն «բարեփոխելուց» եւ իրենց սրտի դատավորներով համալրելուց հետո բարձր դատարանը ոչ իշխանահաճո որոշում կայացրեց։
ՍԴ նախկին դատավոր, այս իշխանությունների «բարեփոխումների» զոհը դարձած եւ ՍԴ անդամի լիազորություններից ապօրինի զրկված Ալվինա Գյուլումյանն այս թեմայով մեր հարցին՝ ի սկզբանե կանխատեսելի՞ էր ՍԴ-ի կողմից նման որոշումը, ասաց․ «Ես կարծում եմ՝ եթե կանխատեսելի չլիներ, էդ հարձակումները ՍԴ-ի դեմ չէին լինի։ Էդ ամենն ուղղված էր նրան, որ իրենք էլ էին զգում, որ դա այդպես է, որպեսզի ՍԴ-ի վրա փորձեն ինչ-որ ձեւով ազդել՝ թեկուզ փոփոխելով կազմը նոր անդամներով, բայց իրեն հարգող ոչ մի իրավաբան այլ որոշում չէր կայացնի»։
— Սա ի՞նչ է ենթադրում, տիկին Գյուլումյան, ստացվում է՝ Մարտի 1-ի գործն ի չի՞ք է դառնում, այսինքն՝ բացի Քոչարյանին առնչվող հատվածից, մյուսների մասով եւս, որոնց այս հոդվածով մեղադրանք է առաջադրվել, գործը պետք է կարճվի՞։
— Իհարկե։ Ստացվում է, որ այդ հոդվածն անվավեր է, եւ դրա հիման վրա ինչպե՞ս կարող է քրեական գործը շարունակվել։
— Իսկ ինչ-որ մարդիկ պատասխանատվության ենթարկվելո՞ւ են դրա համար, որ երեք տարի մարդկանց ապօրինի կամ Սահմանադրությանը հակասող հոդվածով քրեական հետապնդման են ենթարկել։
— Գիտե՞ք ինչ, հոդվածը եղել է, ապօրինի ասել, թե հակասահմանադրական, հենց դրա համար էլ Սահմանադրական դատարանը կա, որ քննարկի։ Եվ սա կոչվում է, այսպես ասած, հետագա վերահսկողություն։ Եվ էդ հետագա վերահսկողությամբ եթե պարզվել է, ապա Դուք ոչ մեկին չեք կարող մեղադրել, ասել՝ ի սկզբանե դուք ինչու էիք հակասահմանադրական հոդվածով հետապնդում։ Այլ բան է, որ ոչ օրինական հետապնդման համար որոշակի հատուցման իրավունք են ստանում այդ մարդիկ։ Սա լրիվ այլ խնդիր է։
— Այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը եւ բոլոր նրանք, որոնց առաջադրվել է այս հոդվածով մեղադրանք, պետք է հատուցո՞ւմ ստանան։
— Չէ, նա, ով որ կալանքի տակ է եղել։ Մյուս հետապնդումների համար չկա։
— Կալանքի տակ եղել է Ռոբերտ Քոչարյանը, այն էլ՝ երկու անգամ, եւ ինքը եթե դիմի, իրավունք ունի՞ հատուցում ստանալու, թե՞ անկախ դիմելուց՝ օրենքը պարտադրում է հատուցում։
— Չէ, եթե դիմի, կստանա։
— Իսկ ի՞նչ տեսակի պետք է լինի այդ հատուցումը։
— Դժվար է ասել՝ ինչ տեսակի։
— Տիկին Գյուլումյան, փաստորեն, նույնիսկ այդ դեպքում, որ փորձեցին Ձեզ եւ ՍԴ որոշ այլ անդամների չեզոքացնել, փոխել ՍԴ կազմը եւ իրենց «սրտի դատավորներին» բերել Սահմանադրական դատարան, բայց բոլոր դատավորները բարձր գտնվեցին քաղաքական նպատակներից։
— Բոլորը բարձր գտնվեցին ու նաեւ ունեին Եվրոպական դատարանի խորհրդատվական եզրակացությունը, Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը, եւ այս պայմաններում նույնիսկ «սրտի դատավորներն» արդեն, ըստ էության, կաշկանդված էին այլ վճիռ կայացնել։
— Բայց հիմա նրանց վրա կա հարձակում, որ նախկիններին ծախված դատավորներ էին, այս իշխանությունը չկարողացավ վեթինգ անել եւ իրապես բարեփոխել դատական համակարգը եւ այսպես շարունակ։
— Մենք առաջընթաց չենք ունենա, եթե չդադարենք ասել «նախկին» ու «ներկա»։ Ոչ մի առաջընթաց չի լինի ոչ մի բնագավառում։
— Ի՞նչ եք կարծում, հավանական համարո՞ւմ եք, որ այս իշխանությունը մի նոր օրենք մոգոնի եւ արագ ընդունի, որով, ասենք, ՍԴ-ի այս որոշումն առոչինչ ճանաչվի։
— Չեմ կարծում։ Եվ հետո, գիտե՞ք ինչ, այս որոշումը ձեռնտու է նաեւ այս իշխանությանը, չէ՞ որ անընդհատ հարց է դրվում, որ նրանք էլ են սահմանադրական կարգ խախտել։ Հետեւաբար, այս հոդվածը կիրառելի չի լինի նաեւ իրենց համար։
— Գուցե պե՞տք էր այս իշխանությանը, որ ՍԴ-ն այսպիսի որոշում կայացներ։
— Չեմ կարող ասել, բայց, համենայնդեպս, երաշխիք է նաեւ իրենց համար։
hraparak.am