Առողջապահության նախարարությունն առաջարկում է ծնողին հնարավորություն տալ ստանձնել մահացած ծնված երեխայի հուղարկավորությունը` այդ մասին նրա կողմից ցանկություն հայտնելու դեպքում: Այս մասին տեղեկանում ենք այսօր՝ մարտի 31–ին, Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակված «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծից։
Գործող օրենսդրությամբ մահացած ծնված երեխաները չեն կարող հուղարկավորվել, հաշվի առնելով, որ մահացած ծնված երեխայի մահվան պետական գրանցում չի կատարվում, իսկ մահվան վկայականը հանդիսանում է հուղարկավորության իրականացման պարտադիր պայման, միաժամանակ մեռելածինը չի հանդիսանում կենսաբանական թափոն:
Ըստ նախարարության հիմնավորման, եթե ծնողը հրաժարվում է հուղարկավորությունը ստանձնել, ապա առաջարկվում է՝ մեռելածնի դին հրկիզել` հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով:
Առողջապահություն նախարարությունը տեղեկացնում է նաեւ, որ ներկայումս մահացած ծնված պտուղների աճյունները ոչնչացվում են «ԷԿՈԼՈԳԻԱ Վ. Կ. Հ.» ՍՊԸ-ի միջոցով, որն իրականացնում է իր գործունեությունը վտանգավոր թափոնների վնասազերծման լիցենզիայի ներքո` պտղի հերձում իրականացնող կազմակերպությունների հետ կնքված պայմանագրի շրջանակներում այն դեպքում, երբ մահացած ծնված պտուղը կենսաբանական թափոն չի համարվում:
Նախագծի ընդունման արդյունքում նախարարությունն ակնկալում է, որ կլրացվի օրենսդրական բացը եւ կկարգավորվի մահացած ծնված (մեռելածին) երեխաների հուղարկավորության կամ հրկիզման հարցը:
auroranews.am