ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և նրա որդու՝ Ռաֆիկ Հայրապետյանի գործով Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի կողմից ապօրինի միջամտության փաստի առթիվ հաղորդում կներկայացվի ՌԴ իրավապահներին։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Հայրապետյանների փաստաբան Ամրամ Մակինյանից։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ մամուլին հասանելի էր դարձել աղմկահարույց մի տեսանյութ, որով ապացուցվում է, որ նշված գործով Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի հետ համաձայնեցվել են մեղադրանքի որոշումները, ավելին՝ նա իրեն իրավունք է վերապահել խմբագրել ու ցուցումներ տալ քննիչին, թե ինչ մեղադրանք առաջադրի Հայրապետյաններին։
Մարտի 11-ին դատախազությունը հայտարարեց, որ մամուլի հրապարակումներն ուղարկվել են ԱԱԾ՝ նյութեր նախապատրաստելու, մինչդեռ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի համաձայն՝ պաշտոնատար անձանց, իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից առերեւույթ կատարված հանցագործության դեպքերով նախաքննության կատարումը վերապահված է հատուկ քննչական ծառայությանը եւ ոչ թե ԱԱԾ-ին։ Թեև նյութերի նախապատրաստման ընթացքում կողմերը հաստատել են Աննա Վարդապետյանի և քննիչի նամակագրության փաստը, ԱԱԾ-ում որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին։ Երեկ փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին ԱԱԾ որոշումը, ինչից պարզ է դառնում, որ նամակագրության և Վարդապետյանի կողմից «ուղղումներ« կատարելու հանգամանքը չեն հերքել կողմերը, ավելին՝ Վարդապետյանի էլեկտրոնային հասցեն ուղարկվել է ՔԿ նախագահի տեղակալի կողմից։ Ավելին՝ Վարդապետյանը ներգրավված է որպես փորձագետ։
Փաստաբան Ամրամ Մակինյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ «փորձագետն» ամենամեղմ բնորոշումն է, նրանք ծիծաղի առարկա են դարձնում ՀՀ-ում նախաքննությունը և իրավական համակարգն ընդհանրապես։
«Շատ շնորհակալ ենք ԱԱԾ-ից, որ հաստատեցին երկկողմանի կապը, հաստատեցին, որ Աննա Վարդապետյանն իրականում track changes-ով փոփոխություններ է կատարել այդ որոշման մեջ, հաստատեցին, որ ստացվել է Հայրապետյանների բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունները»,- նշեց նա՝ հավելելով, որ օրենքով չարգելված բոլոր միջոցները կձեռնարկվեն։
Նա ընդգծեց, որ սա նոր Հայաստանի կոռուպցիոն դրսևորումների լավագույն օրինակն է, իսկ այս դասգրքային օրինակը պետք է ուղարկել Համալսարան, արդարադատության ակադեմիա, որ երեխաները սովորեն, թե ինչ չի կարելի անել։
Փաստաբանը նշեց, որ ԱԱԾ-ից պահանջել է ամբողջ նյութերը, որոնք ստանալուն պես կդիմի ՌԴ իրավապահ մարմիններին։ Հետաքրքրվեցինք՝ արդյոք դատախազությունը ստուգել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման օրինականությունը և հաստատել այն, փաստաբանը նշեց, որ տեղեկություն չունի այդ մասին։ Բացի դա՝ Մակինյանը պատրաստվում է նաև բողոքարկել քրեական գործի հարուցումը մերժելու մասին ԱԱԾ որոշումը՝ ՀՀ-ում քրեադատավարական ճանապարհն անցնելու համար։