Կոռուպցիոն առերևույթ չարաշահումներ Շիրակի մարզում. հարուցվել են քրեական գործեր

 Հանրապետական և Շիրակի մարզի իրավապահ մարմինների համագործակցված աշխատանքի, դրանց շրջանակում կատարվող օպերատիվ հետախուզական միջոցառումների, դատավարական գործողությունների օրինականության նկատմամբ դատախազական պատշաճ հսկողության արդյունքում մարզում իրականացվում է կոռուպցիայի դեմ  պայքար՝ պարզվում են ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների նոր դեպքեր: 

Մասնավորապես, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ Արթիկի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն ՊՈԱԿ-ում անձինք աշխատանքային թույլտվություն ստանալու համար 700.000 ՀՀ դրամ գումարի դիմաց կոնկրետ բուհից ստացել են համապատասխան մասնագիտութան պետական նմուշի դիպլոմներ:  

ՀՀ ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնում այս կապակցությամբ նախապատրաստվել են նյութեր: Ձեռք են բերվել տվյալներ այն մասին, որ Արթիկի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն ՊՈԱԿ-ի (նախկինում՝ Արթիկի թիվ 1 հատուկ դպրոց) 4 աշխատակիցների՝ 3 հոգեբանների  և 1 բաժնի պետի, համապատասխանաբար 2018 և 2019թթ.-ի ընթացքում Գյումրիում գործող N արտադրական կոոպերատիվի կողմից տրամադրվել են Հոգեբանություն մասնագիտությամբ դիպլոմներ՝ հաստատված պետական քննական հանձնաժողովի նախագահի և ռեկտորի ստորագրություններով: Մինչդեռ, համաձայն նյութերի նախապատրաստմամբ ձեռք բերված տվյալների, այդ անձինք նշված ուսհաստատությունում ուսումնական գործընթացի չեն մասնակցել:

Փաստի կապակցությամբ Շիրակի մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին, 3-րդ մասերի և 214-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: 

Բացի այդ, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության ԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության, Շիրակի մարզային վարչության և Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնի ծառայողների կողմից համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ ընկերությունում 2020թ.-ի պետպատվերի շրջանակներում բուժօգնություն տրամադրելու պատրվակով տարբեր երեխաների ձևական գրանցվել են հիվանդանոցում, ինչի միջոցով խաբեությամբ հափշտակվել են առանձնապես խոշոր չափերով գումարներ: 

Դեպքի առթիվ  ՀՀ ոստիկանության Կումայրիի բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում ստացվել և համադրվել են «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ում 2020թ. ընթացքում բուժումներ ստացած շահառուների և ՀՀ էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական «ԱՐՄԵԴ» համակարգում առկա հիվանդների վերաբերյալ տվյալները։

6 տասնյակից ավելի ծնողներ հաղորդումներ կամ բացատրություններ են տվել այն մասին, որ իրենց երեխաներին 2020թ.-ի ընթացքում տարբեր օրերի, տարբեր գանգատներով բուժօգնության են տեղափոխել նշված բժշկական կենտրոն, որտեղ բժիշկների կողմից երեխային հետազոտելուց և դեղորայքային բուժումներ նշանակելուց հետո, նույն օրը վերադարձել են տուն: 

Մինչդեռ, ըստ «ԱՐՄԵԴ» համակարգում առկա տվյալների՝ երեխաները որոշակի օրերի ընդունվել են ստացիոնար բուժման և այն ավարտել օրեր անց և նրանց բուժման համար պետպատվերի շրջանակներում բուժհաստատությունը ստացել է համապատասխան չափի ֆինանսավորում:

Այսինքն, ըստ նախապատրաստված նյութերով ձեռք բերված տվյալների՝ «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ի պաշտոնատար անձինք, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով,  առերևույթ կեղծել են պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող հիվանդության պատմագրերը, դրանք վճարման են ներկայացվել ՀՀ էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական «ԱՐՄԵԴ» համակարգի միջոցով, ինչի արդյունքում ՀՀ-ից՝ ի դեմս ՀՀ առողջապահության նախարարության, առերևույթ խարդախությամբ հափշտակել են առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 8մլն ՀՀ դրամ գումար։ 

Դեպքի առթիվ ևս ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական  օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: 

Հարկ է փաստել, որ Շիրակի մարզի դատախազության կողմից պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու հարցի քննարկման նպատակով, ինչպես նաև պետական միջոցների ծախսման նպատակային, օրինական և իրավաչափ լինելու հանգամանքներն  ստուգելու նպատակով դեռևս 2021թ.-ի մարտի 3-ին «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ում նախաձեռնվել է ուսումնասիրություն, որը գտնվում է ընթացիկ փուլում։

Մեկ այլ դեպքում օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տվյալների հիման վրա ոստիկանության Անիի բաժնում նյութերի նախապատրասատման շրջանակներում պարզվել է, որ 2012-2017թթ.-ի ընթացքում Շիրակի մարզի Ձիթհանքով համայնքի ավագանու տարբեր նիստերի արձանագրությունների համաձայն՝ նույն գյուղի թվով 9 բնակիչների անուններով, որպես սոցիալական անապահով ընտանիքներին հատկացվող օգնություն, պարբերաբար ելքագրվել են տարբեր չափերի՝ ընդհանուր 75000-ից մինչև 350000 ՀՀ դրամ գումարներ: Մինչդեռ այդ անձինք կամ ամբողջությամբ, կամ մասնակիորեն դրանք չեն ստացել, շատերը առհասարակ երբևէ չեն դիմել որպես անապահով ընտանիքներ՝ սոցիալական օգնություն ստանալու հարցով, իսկ առանձին դեպքերում թեև դիմել և մեկ-կամ երկու անգամ ստացել են, սակայն իրենց անուններով մի քանի այլ ելքագրումներից ընդհանրապես տեղյակ չեն: Ընդհանուր առմամբ 2012-2017թթ-ի ընթացքում Ձիթհանքովի գյուղապետարանից՝ որպես դրամական օգնություն դուրս է գրվել խոշոր չափերի՝ ընդհանուր 1.790.000 ՀՀ դրամ գումար, որը հիշյալ անձանց չհատկացվելով՝ առերևույթ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ յուրացվել է:

     Դեպքի առթիվ Շիրակի մարզի դատախազությունում ՀՀ քրեական  օրենսգրքի  179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: 

Նշված երեք քրեական գործերի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությանը:

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: