Կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացել «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: Օրենսդրական փաթեթով կկանոնակարգվի օդանավակայանների տարածքում տաքսու ծառայությունների մատուցման գործընթացը, կբարձրանա սպասարկման որակը, կբացառվեն ոլորտում անօրինական փոխադրումները: Հիմնավորման համաձայն՝ օդանավակայանների տարածքում առանձին կարգավորում չունի տաքսի ծառայությունների մատուցման գործընթացը, ինչի արդյունքում տաքսի ծառայություններ մատուցողների կողմից անընդունելի վարքագիծ է դրսևորվում օդանավակայանների տարածքում ուղևորների նկատմամբ՝ նրանց բանավոր հավաքագրելու միջոցով անհանգստություն պատճառելու արդյունքում: ՀՀ մուտք գործող օտարերկրյա քաղաքացիները և զբոսաշրջիկները հայտնվում են անհարմար դրության մեջ, ինչը զբոսաշրջության տեսանկյունից անընդունելի է: Բացի այդ, օդանավակայանի տարածքից տաքսի ծառայություն մատուցելու ցանկություն ունեցող կազմակերպությունները չունեն հնարավորություն օգտվելու տաքսու կայանատեղից, ինչը անհավասար պայմաններ է առաջացնում փոխադրողների համար:
Ըստ այդմ, տաքսամոտորային փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար օդանավակայանի տարածքից փոխադրումներ իրականացնելու հավասար պայմաններ ստեղծելու նպատակով առաջարկվում է տրամադրել օդանավակայանի մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման Ա տիպի լիցենզիա: Միաժամանակ առաջարկվում է կանոնակարգել օդանավակայանների տարածքում տաքսի ծառայություն մատուցողների կողմից տարբեր տիպի, այդ թվում՝ բանավոր գովազդը: Ա տիպի լիցենզիայի պետական տուրքը կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար սահմանվում է տարեկան 200000 դրամ: Սահմանվում են օդանավակայանի տաքսի ծառայություն մատուցող տրանսպորտային միջոցների կահավորմանը, արտաքին տեսքին և տարիքին ներկայացվող պահանջները: Սահմանվում է նաև վարչական տույժ խախտումների դեպքում: