Վարչական դատարանում մեկնարկել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանն ընդդեմ ՀՀ վարչապետի ու նախագահ գործով դատական նիստը։ Այս մասին հայտնում է aysor.am-ը:
Դատավոր Մհեր Պետրոսյանը, լսելով կողմերին, որոշում կայացրեց նիստն անցկացնել դռնբաց։
Օնիկ Գասպարյանի շահերը դատարանում պաշտպանում է փաստաբան Արամ Օրբելյանը, Նիկոլ Փաշինյանինը՝ Տաթևիկ Սարուխանյանը։ ՀՀ նախագահի ներկայացուցիչը չի ներկայացել դատական նիստին։
Այսօրվա նիստում կքննարկվի վարչապետի ներկայացուցչի միջնորդությունը՝ հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ։
Հիշեցնենք՝ ՀՀ վարչական դատարանը՝ դատավոր Մհեր Պետրոսյանի նախագահությամբ, բավարարել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի գործով հայցի ապահովման միջոց կիրառելու մասին փաստաբանի միջնորդությունը, որով պահանջվել էր կասեցնել Օնիկ Գասպարյանի պաշտոնանկությունը մինչև գործով վերջնական դատական ակտի կայացումը։