Ռեյտինգայինով գնալու դեպքում ներհայաստանյան պատերազմն անխուսափելի կլիներ, իրար ջարդելու էին․ hraparak

 «Ամիսներ առաջ ԲՀԿ-ից դուրս եկած Սերգեյ Բագրատյանը Ընտրական օրենսգրքի փոփոխության նախագծի համահեղինակներից մեկն է դարձել։

Երեկ նրան հարցրինք՝ իշխանությունը Ձեր մի ձայնի համա՞ր է Ձեզ իր կողմը քաշել եւ նախագծի համահեղինակ դարձրել։ Բագրատյանը պատասխանեց, որ իշխանությունն է միացել իր նախագծին․ «Դեռեւս 2017 թվականին՝ ՀՀԿ-ի իշխանության օրոք, այս հարցը կրկին քննարկվում էր։ Ես, Դավիթ Հարությունյանը, Արմեն Ռուստամյանը եկանք կոնսենսուսի, որ պետք է լինի փակ համամասնական ընտրակարգ, Դաշնակցությունն ասում էր՝ եկեք ամբողջ հանրապետությունում ռեյտինգայինն անենք, ՀՀԿ-ն ասում էր՝ տեխնիկապես բարդ է դա»։

Եթե կոնսենսուս կար, ինչո՞ւ 2017-ին չընտրվեց այդ ընտրակարգը։ Բագրատյանն ասաց․ «Դե, էն ժամանակ էլ դա տեղ չհասավ, սենց մնաց»։ Նրա խոսքով՝ ներկա լարված մթնոլորտում ռեյտինգային ընտրակարգով ընտրությունների գնալու դեպքում ներհայաստանյան պատերազմն անխուսափելի կլիներ։ «Իրար ջարդելու էին։ Չկողմնորոշված զանգվածի վրա էլ թող քաղաքական ուժերն աշխատեն, ի՞նչ խնդիր կա։ Թող էլ չաշխատի էն համակարգը, որ՝ կռիշդ կսարքեմ, սա կանեմ, նա կանեմ»։

Ինքը՝ Բագրատյանը, ռեյտինգայինով է խորհրդարան անցել, սակայն վստահեցնում է, որ նման խոստումներ չի տվել։ «Հիմա ավելի լավ չի՞, որ գաղափարական, քաղաքական խորհրդարան ունենանք»։ Լուլուի պե՞ս։ «Իհարկե, ոչ՝ թող պրոֆեսիոնալներ գան»: 

 

hraparak.am