Մարդասիրական օգնության կարգով 2021-ի հունվար-փետրվարին Հայաստան է ներմուծվել 312.5 տոննա ապրանք, որի արժեքը կազմել է 1 մլրդ 434.3 մլն դրամ կամ 2 մլն 750.6 հազար դոլար, որը նախորդ տարվա նույն ժամանակի նկատմամբ ավել է 18.9 տոկոսով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:
Ամենաշատը Հայաստան են ուղարկվել մանածագործական իրեր՝ 801.4 հազար դոլարի, այնուհետև տարբեր արդյունաբերական ապրանքներ՝ 553.9 հազար դոլարի, քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանք՝ 511.8 հազար դոլարի, սարքեր և ապարատներ՝ 464.9 հազար դոլարի:
Ընդ որում ամենաշատ մարդասիրական օգնություն է ուղարկել Միացյալ Նահանգները՝ 757.5 հազար դոլարի, որը 2020-ի հունվար-փետրվարի նկատմամբ ավել է 94.7 տոկոսով: Այնուհետև ամենաշատ մարդասիրական օգնություն է ուղարկել Չինաստանը՝ 470.7 հազար դոլարի՝ նախորդ տարվա նկատմամբ ավելանալով 4 անգամ, որից հետո՝ Իսպանիան՝ 426.8 հազար դոլարի՝ նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավելանալով 115.4 անգամ: