Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը «Դավիթ հոլդինգ» ընկերության նախկին տնօրեն Արմեն Բեգունյանին նշանակել է «Երեւանտրանս» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի պաշտոնակատար: Քաղաքապետի որոշման համաձայն՝ Բեգունյանը պաշտոնավարում է ապրիլի 1-ից:
Արմեն Բեգունյանի մասին մամուլում լուրեր են շրջանառվում, որ նա պարտքեր է կուտակել Երեւանի քաղաքապետարանի նկատմամբ ու այդպես էլ չի վերադարձրել: Խոսքը նրա ղեկավարած «Դավիթ Հոլդինգ» ՓԲԸ-ի միջոցով պարտքեր կուտակելու մասին է: Տվյալ ընկերությունը նախկինում սպասարկում էր մայրաքաղաքային եւ միջմարզային տրանսպորտի մի շարք երթուղիներ: Ըստ լուրերի՝ Բեգունյանը քաղաքապետարանի պարտքերը ջրել է «Երեւանտրանս» ՓԲԸ-ի նախկին պետ Արման Մխիթարյանի միջոցով:
Բեգունյանի «Դավիթ հոլդինգի» տնօրեն եղած ժամանակահատվածում քաղաքապետարանի նկատմամբ պարտքեր կուտակելու մասին լուրերի մասին Երեւանի քաղաքապետարանի լրատվականից մեկնաբանեցին՝ Բեգունյանը չէր կարող պարտքեր կուտակել քաղաքապետարանի նկատմամբ, քանի որ ընկերությունը պարտքեր է կուտակել դեռ մինչեւ Բեգունյանի՝ «Դավիթ Հոլդինգ» ընկերության տնօրեն նշանակվելը։ Այդ ընթացքում Բեգունյանը եղել է վարձու աշխատող: Հարցին, թե «Դավիթ Հոլդինգ» ՓԲԸ-ն քաղաքապետարանի նկատմամբ պարտքը ե՞րբ է կուտակել, պատասխանել են. «Պարտքը կուտակվել է 2015 թվականից մինչեւ 2021 թվականի մարտ ամիս ընկած ժամանակահատվածի համար»:
Ի դեպ, քաղաքապետարանից միեւնույն ժամանակ նշել են, որ Արմեն Բեգունյանը «Դավիթ Հոլդինգ» ՓԲԸ տնօրենի պաշտոնից ազատվել է մարտի 5-ին:
«Դավիթ հոլդինգի» կողմից պայմանագրային պարտավորությունները ոչ պատշաճ կատարելու հետեւանքով առաջացել է 243 մլն դրամի պարտք: ՓԲԸ-ն այժմ պարտքը վիճարկում է դատարանում։ Հետեւաբար պարտքը «ջրելու» մասին «մամուլում շրջանառվող լուրերը» բամբասանք են»,- հայտնել են Երեւանի քաղաքապետարանից:
Հետաքրքրվել էինք, թե ինչի՞ համար է ՓԲԸ-ն պարտք քաղաքապետարանին: Քաղաքապետարանից պատասխանել են, որ խոսքը «Դավիթ հոլդինգ» եւ «Երեւանտրանս» ՓԲԸ-ների միջեւ կնքված պայմանագրի մասին է՝ առանց մասնավորեցնելու, թե ինչ պայմանգիր է: Քաղաքապետարանից նաեւ հետաքրքրվել էինք, թե «Դավիթ հոլդինգ» ընկերությունը Բեգունյանի ղեկավարման ընթացքում գոնե որոշակի պարտքի մարում արե՞լ է, քանի որ նշվում էր, թե պարտքի կուտակումը նրա ղեկավարման ժամանակ չէ, որ եղել է: Մեզ պատասխանել են, որ այդ հարցերը մասնավոր ընկերության տիրույթում են:
«Դավիթ հոլդինգ» ՓԸԸ-ի հետ կապ հաստատել մեզ չհաջողվեց:
Նկատենք՝ «Երեւանտրանս» ՓԲԸ պետի պաշտոնը 2018 թվականի նոյեմբերի 3-ից զբաղեցնում էր Արման Մխիթարյանը: Մխիթարյանը լքել է պաշտոնը, ապա՝ նաեւ երկիրը: Մեր տեղեկություններով՝ այժմ նա գտնվում է ԱՄՆ-ում: Երեւանի քաղաքապետարանի լրատվականից հայտնեցին, որ Մխիթարյանը զբաղեցրած պաշտոնից ազատվել է 2021 թվականի փետրվարի 15-ին իր դիմումի համաձայն: «Մինչեւ այդ՝ դեկտեմբերի 9-ից, գտնվել է նախ՝ ամենամյա հերթական արձակուրդում, այնուհետեւ՝ չվճարվող»,- հավելեցին լրատվականից:
armtimes.com