Երբ կունենանք նախաճգնաժամային մակարդակի ցուցանիշները, այդ ժամանակ կարող ենք ասել, որ տնտեսությունը վերականգնվել է, բայց միանշանակ է, որ անկման տեմպը դանդաղում է։ Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։
Անդրադառնալով երկրում արձանագրված գնաճին՝ Բաբկեն Թունյանը նշեց, որ Կենտրոնական բանկի կանխատեսումներով մինչև տարեվերջ գնաճը կվերադառնա նորմալ, թեիրախային մակարդակին և կլինի 3-5 տոկոսի շրջանակներում. «Կառավարությունն այս դեպքում պետք է հնարավորության սահմաններում սոցիալապես խոցելի խմբերին աջակցի և փորձի այնպես անել, որ տնտեսական աճն արագ վերականգնվի։ Պետությունն ապրանքների գների վրա ուղիղ ազդեցություն չունի։ Եթե որևէ ապրանքատեսակ միջազգային շուկայում թանկանում է, ոչ ոք չի կարող վաճառողին ստիպել, որ ինքնարժեքից ցածր վաճառի կամ վնասով աշխատի, բայց պետությունը պետք է քայլեր ձեռնարկի, որ տնտեսությունը հնարավորինս արագ վերականգնվի, ինչը կբերի մարդկանց եկամուտների աճի։ Այսինքն եկամուտները պետք է գներից ավելի արագ աճեն»,-նշեց պատգամավորը։
Բաբկեն Թունյանը նկատեց՝ եթե այս պահին ուղղակի պարտք վերցնելով թոշակներ կամ աշխատավարձեր բարձրացնեն, դրանով խնդիրը չի լուծվի, քանի որ դա իր հերթին ավելի մեծ գնաճի է հանգեցնելու։
Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում կառավարության հակաճգնաժամային ծրագրերը, պատգամավորը նշեց, որ մասնակցել է դրանց մեծ մասի մշակմանը, տեսել է քննարկումների որակը և համոզված է, որ կառավարությունն արել է այն ամենը, ինչն այդ պայմաններում հնարավոր էր.
«Թե ինչքանով է դա մեղմացրել անկումը, առանձին մեծ վերլուծության թեմա է։ Օրինակ կան մարդիկ, որ ասում են՝ պետք է աջակցության չափն ավելի մեծ լիներ, բայց եթե չափը մեծ լիներ, ավելի մեծ պետական պարտքի տակ էինք ընկնելու և այդ ժամանակ դա էր քննարկման թեմա դառնալու։ Ընտրվել է բալանսավորված մոտեցում և համոզված եմ, որ այդ քայլերն իրենց նպատակին ծառայել են»,-ասաց Բաբկեն Թունյանը։