Այսօր՝ ապրիլի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 12։50-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 3-րդ կմ-ին դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակի երկաթե հենասյուներին և գլխիվայր հայտնվել դաշտում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Վաղարշապատ» ԲԿ։ Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ավագ տեսուչներ Լեռնիկ Հովսեփյանն ու Հրաչյա Սերոբյանը։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Պողոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի գլխավորությամբ։ Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։ Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ էջմիածնի տարածքային տեղամասի ծառայողները՝ տեղամասի պետի տեղակալ Արթուր Հակոբյանի գլխավորությամբ։ «Գազպրոմ»-ի աշխատակիցները ձեռնարկում են անհրաժեշտ աշխատանքներ՝ վթարը վերացնելու ուղղությամբ։ Բարեբախտաբար, գազի արտահոսք չի եղել, իսկ վթարը վերացնելու համար նրանք դեպքի վայր պետք է բերեն հատուկ տեխնիկա, այդ թվում՝ վերամբարձ կռունկ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
shamshyan.com