Կոտայքի մարզի Ջրառատ համայնքում այսօր 15 եւ 17 տարեկան աղջիկներ են թունավորվել, նրանցից մեկը մահացած է հայտնաբերվել, մյուսը տեղափոխվել է հիվանդանոց:
Նախնական տեղեկություններով թունավորման պատճառը գազն է: Ջրառատի համայնքապետ Արթուր Ասատրյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց, որ նրանք քույրեր են, 15-ամյա աղջիկը մահացել է, իսկ քրոջ կյանքը հաջողվել է փրկվել: Նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են Երեւանի «Մուրացան» համալսարանական հիվանդանոց:
«17 տարեկան աղջիկը հիվանդանոց է բերվել անգիտակից վիճակում, համապատասխան միջոցառումներից հետո գիտակացության է եկել, սակայն վիճակը գնահատվում է ծանր»,- ասաց Բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը: Նա չնշեց՝ թունավորման հստակ պատճառը որն է՝ հավելելով, սակայն, որ նախնական գնահատմամբ շմոլ գազն է:
Քույրերը տանը մենակ են եղել: Առավոտյան հայրն է նրանց այդ վիճակում գտել: «Հայրը տաքսու վարորդ է, առավոտյան մոտավորապես ժամը 10-ի կողմերը դռան զանգն է տվել, երկար ժամանակ չեն բացել, լուսամուտը ջարդել, ներս է մտել»,-ասաց Ջրառատ համայնքի ղեկավարը:
Ասատրյանի խոսքով՝ տեղում փորձագետներն են աշխատում, սակայն դեռ պարզ չէ, թե դեպքն ինչի հետեւանքով է:
«Մտանք ներսում գազով ջրատաքացուցիչ կար խոհանոցում, բայց նորմալ միացված էր, գազի հոտ էլ չկար: Փայտի վառարան ունեն, բայց վառված չի եղել, դեռ չգիտենք, թե ինչն է պատճառը»,- ասաց Ասատրյանը:
Աղջիկների մայրն իրենց հետ չի ապրում, հայրն էլ աշխատանքի է եղել: Հայրական կողմից տատիկն է երեխաներին խնամում, սակայն նա էլ աղջիկների կրտսեր եղբոր մոտ է՝ հիվանդանոցում: «2009 թվականին ծնված եղբայրն ունեն, վերջերս ավտովթարի հետեւանքով հիվանդանոցում է հայտնվել, դե, տատիկն էլ խնամում է»,- մանրամասնեց Ջրառատ համայնքի ղեկավարը:
armtimes.am