Խոշոր ավտովթար Երևանում. Toyota Camry-ն Մոնթե Մելքոնյան փողոցում տապալել է երկաթե էլեկտրասյունը և գլխիվայր հայտնվել կանաչ գազոնում. 6 անչափահասներ տեղափոխվել են հիվանդանոց.

 Այսօր՝ ապրիլի 7-ին,  խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:10-ի սահմաններում Toyota Camry մակնիշի  17 DM 007 համարանիշի ավտոմեքենան Մոնթե Մելքոնյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, առաջ ընթացել, հարվածել էլեկտրասյանը, տապալել այն և գլխիվայր հայտնվել  ճանապարհի բաժանարար գոտու կանաչ գազոնում:  Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ օղակի հրամանատար Անդրանիկ Գևորգյանի գլխավորությամբ: Մինչ փրկարարների ժամանումը, քաղաքացիների օգնությամբ ավտոմեքենայից դուրս են բերվել  6 անչափահասա երեխաների, ովքեր օպերատիվորեն ժամանած Երևանի  1-03 շտաօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Աստղիկ» բժշկական կենտրոն:  Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը: Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության  1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Էդգար Հայրապետյանի գլխավորությամբ:  Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է  հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Վարդան Բաղդասարյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Վ. Բաղդասարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:  Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը:  Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: 

shamshyan.com