Քաղաքապետարանը թույլատրել է Քոչարյանի գրքի գովազդային վահանակը տեղադրել Երեւանի փողոցներից մեկում. 2019-ին արգելել էր. armtimes

 Ռոբերտ Քոչարյանի հեղինակած «Կյանք եւ ազատություն» գիրքը ներկայացնող գովազդային վահանակները հայտնվել են Երեւանի կենտրոնական փողոցներում:

Դա քաղաքացիներից շատերի զայրույթի պատճառն է դարձել: Նրանցից մեկն էլ համացանցում հրապարակել է Կոմիտասի պողոտայում տեղադրված գովազդային վահանակներից մեկն ու կից գրել. «Ուրիշ երկիր գիտե՞ք, որ մայրաքաղաքի գլխավոր փողոցներից մեկում հանցագործ մարդասպանի գրքի գովազդ է փակցված»:

2019 թվականին Երեւանի քաղաքապետարանը թույլտվություն չէր տվել, որ Քոչարյանի գրքի գովազդները տեղադրվեն մայրաքաղաքի պոստեռներին: Գրքի հայերեն տարբերակը հրատարակած «Սփեյս Մենեջմենթ» ՍՊԸ-ն դիմել էր ՀՀ վարչական դատարան՝ պահանջով պարտավորեցնել գովազդի թույլտվություն տրամադրելու: «Սփեյս Մենեջմենթ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ, փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը 2020 թվականի դեկտեմբերին ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել ու նշել, որ դատարանը պարտավորեցրել է Երեւանի վարչական շրջաններին Ռոբերտ Քոչարյանի հեղինակած «Կյանք եւ ազատություն» գրքի համար տրամադրել գովազդի թույլտվություն։

«ՀՀ վարչական դատարանը (նախագահությամբ Ա. Ծատուրյանի) անվավեր է ճանաչել Կենտրոն եւ Արաբկիր վարչական շրջանների վարչական ակտերը, որոնցով, ըստ էության, մերժվել էին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հեղինակած «Կյանք եւ ազատություն» գրքի գովազդումը: Դատարանը պարտավորեցրել է վարչական շրջաններին տրամադրել գովազդի թույլտվություն»,- ավելի վաղ գրել էր Կոչուբաեւը:

Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն էլ «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց, որ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռ չկա: «Առաջին ատյանի դատարանը, հօգուտ հայտատուի, վճիռ է կայացրել, որը բողոքարկվել է երկրորդ ատյանում: Վերաքննիչ ատյանը դեռ նիստ չի գումարել, այդ հարցով վճիռ չի կայացրել»,- ասաց նա:

Միեւնույն ժամանակ, Կարապետյանը հայտնեց, որ 2019 թվականին ներկայացված գովազդ տեղադրելու հայտը իրավաբանորեն թերի է եղել, ոչ ճիշտ ձեւակերպված, դրա համար է քաղաքապետարանը մերժել: «Վերջերս գովազդի տեղադրման այլ ձեւակերպումներով թույլտվության նոր հայտ են ներկայացրել ու ստացել՝ ըստ սահմանված կարգի, այսինքն՝ մերժման հիմքերի բացակայության պայմաններում»,- հավելեց նա:

 

armtimes.com