Կառավարությունն ընդունեց Ներքին գործերի նախարարության ստեղծման մասին որոշում, ըստ որի՝ առաջարկվում է ՀՀ իշխանության մարմինների համակարգում կազմավորել ներքին գործերի բնագավառում պետական քաղաքականությունը մշակող եւ իրականացնող պետական կառավարման մարմին՝ Ներքին գործերի նախարարություն:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ոստիկանության բարեփոխումների 2020-2022 թվականների գործողությունների ծրագրի ֆինանսական գնահատման տվյալներով՝ ներքին գործերի նախարարության կազմավորման միջոցառման բյուջեն կազմում է 25 միլիոն դրամ։ Այդուհանդերձ, որոշակի ֆինանսական ներդրումներ կպահանջվեն նաեւ պետական բյուջեից, որն ուղղված է լինելու, մասնավորապես, աշխատավարձերի ու վարձատրությունների վճարմանը:
Ներկայացվող օրենքների նախագծերի համաձայն՝ Ներքին գործերի նախարարության ենթակա մարմիններ են լինելու Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը, ինչպես նաեւ նախարարությանը ենթակայությանն է հանձնվելու ներկայումս Ոստիկանության ենթակայությամբ գործող ուսումնական հաստատությունը՝ «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիր» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը։
Ենթակա մարմինների ղեկավարներին, բացառությամբ Ոստիկանության զորքերի, պաշտոնի նշանակելու եւ այդ պաշտոնից ազատելու է վարչապետը ներքին գործերի նախարարի առաջարկությամբ։ Ոստիկանության զորքերի հրամանատարին նշանակելու եւ պաշտոնից ազատելու է ՀՀ նախագահը։
Ընդհանուր տրամաբանությամբ, ոստիկանության պետը շարունակելու է իրականացնել ոստիկանության ամենօրյա անմիջական ղեկավարումը, իսկ ներքին գործերի նախարարը պատասխանատու է լինելու ոլորտի քաղաքականության մշակման եւ իրականացման, կադրային նշանակումներ է կատարելու ոստիկանության գլխավոր խմբի պաշտոններում։
Նույն կերպ ոստիկանության գլխավոր խմբի պաշտոնների ծառայողներին կարգապահական տույժի է ենթարկելու նախարարը, իսկ մյուս խմբերի պաշտոնների ծառայողներին՝ ոստիկանության պետը։
Նախարարության ենթակայությամբ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության տեղակայումը պայմանավորված է միգրացիոն իրավիճակի շարունակական փոփոխությամբ եւ միգրացիոն քաղաքականության գերակայությունների վերագնահատմամբ։