Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։15-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Արցախի 8/16 հասցեի դիմաց կրակոցներ են հնչում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Վահրամ Խաչատրյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Աշոտ Անանյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը, Երևանի ոստիկանապետ Սևան Քոչարյանը։ Ոստիկանները նշված վայրում բանակցություններ են վարել մի քաղաքացու հետ, ով մինչև ատամները եղել է զինված։ Որոշ ժամանակ անց Էրեբունու ոստիկանապետի օպերգծով տեղակալ Վ. Խաչատրյանն ու քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ա. Անանյանը, վտանգելով իրենց կյանքը, ցուցաբերելով բարձր պրոֆեսիոնալիզմ, կարողացել են վնասազերծել այդ քաղաքացուն, ապա բերման ենթարկել ոստիկանության Էրեբունու բաժին։ Դեպքի վայրում հայտնաբերվել է ավտոմատ, «գրանատներ», որսորդական հրացան, փամփուշտներ և այլ զենք-զինամթերք։ Դեպքի վայր է ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը։ Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են այդ քաղաքացու ինքնությունը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրա անունը Արմեն է։
shamshyan.com