Հիշատակի եռերգություն կոչվող միջոցառումների շարքում ապրիլի 23-ին ժամը 23-ն Հայոց ցեղասպանության հուշահամալիրում կկատարվի Ջոզեպպե Վերդիի «Ռեքվիեմը», հանդես կգան Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը, համերգը կղեկավարի Էդուարդ Թոփչյանը և միջոցառումը նաև հեռարձակվելու է ուղիղ եթերում։ Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը։
«Ապրիլի 23-ին, լույս 24-ի գիշերը՝ ժամը 24։00-ին, Կոմիտասի անվան կամեռային երաժշտության տանը Հայաստանի պետական կամեռային երգչախումբը և «Հովեր» պետական կամեռային երգչախումբը կներկայացնեն Մոցարտի «Ռեքվիեմը», համերգը կղեկավարի գերմանաբնակ դիրիժոր Ալեքսանդր Իրադյանը։ Ապրիլի 24-ին, ժամը 19։15-ին Կարեն Դեմիճյանի անվան մարզահամերգային համալիրում Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմով» հանդես կգան Հայաստանի ազգային սինֆոնիկ նվագախումբը, Հայաստանի պետական կամեռային երգչախումբը, որը կղեկավարի դիրիժոր Ռոբերտ Մլքեյանը։ Այս միջոցառմանը նախատեսում են դիվանագիտական պատվիրակությունների մասնակցությունը։ Սույն համերգը կլինի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո»,- ասաց Հարությունյանը։
Նա ընդգծեց, որ նախատեսում են նաև այլ միջոցառումներ. «Մասնավորապես ԱԳՆ-ում դիվանագիտական ներկայացուցչությունները ցուցահանդես են նախատեսում հանրության համար՝ ապրիլի 24-ին՝ Երևանի քաղաքապետարանի նախասրահում, որը կվերաբերի հուշարձաններին։ Ապրիլի 21-ին ժամը 12-ին, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ժամանակավոր ցուցադրություն է լինելու, որը կկրի «Հայոց ցեղասպանությունը վերապրած ընտանիքների հետքերով» խորհագիրը։ Ապրիլի 27-ին տեղի կունենա ավանդական ծաղկահավաքը, որտեղ թերթիկներից թուղթ են պատրաստում, որն էլ օգտագործվում է շնորհակալագրեր ուղարկելու համար»։
Հարությունյանը տեղեկացրեց, որ ապրիլի 24-ին մի շարք ճանապարհներ փակ են լինելու. «Ավանդաբար փակվում է Հաղթանակի կամրջից մինչև Լենինգրադյան փողոց երկկոցմանի հատվածը և Վերֆելի փողոցի վերին հատվածից դեպի Բրազիլիայի հրապարակ ընկած հատվածը։ Ապրիլի 24-ին առավոտյան ժամը 9-10-ը մուտքը դեպի Ծիծեռնակաբերդ ժամանակավորապես կսահմանափակվի՝ պաշտոնական պատվիրակությունների այցելությունների հետ կապված և կխնդրեմ մեր քաղաքացիներին տվյալ ժամին կամ դրանից մի փոքր ավելի շուտ սահմանափակել այցելությունը դեպի Ծիծեռնակաբերդ, որպեսզի կոտակումներ չլինեն»։