Զանգեզուրով, Մեղրիով որևէ միջանցք Ադրբեջանին չի տրամադրվելու. Արմեն Խաչատրյան

«ՀՀ բանակը պետք է լինի առավելագույնս պրոֆեսիոնալ, դա միանշանակ է»,-այսօր ԱԺ-ում հայտարարեց «Իմ քայլ»-ի պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

Խաչատրյանի խոսքով՝ զինծառայության նորմերը պետք է փոփոխվեն. «Պետք է մաքիսումում խտացված ծառայություն լինի, զինվորը պետք է ընդհանրապես ժամանակ չունենա, պետք է իր ծառայությունն անցկացնի ուսուցման մեջ, դա կլինի և՛ ռազմական գիտելիքներ, և՛ ֆիզիկական ուսուցում, թե հետագայում ինչ մեխանիզմներով դա կարվի, ինչպես կիրականցվի, ինչ ժամկետներով և ինչ կարգավորումներ կստանա, գիտեմ, որ այս ուղղությամբ ՊՆ-ն ռազմավարություն է մշակում և սերտ համագործակցում է ՌԴ-ի համապատասխան ծառայությունների հետ, որպեսզի բանակում ռեֆորմները շատ արագ տեղի ունենան»,-նշեց Խաչատրյանը՝ անդրադառնալով վարչապետի այն հայտարարությանը, որ պարտադիր զինվորական ծառայությունը պետք է գրավիչ դարձնել և կրճատել այն, որպեսզի ծառայությունը տեղի ունենա 5 տարին մեկ, 3 ամիս ժամկետով:

Խաչատրյանը նշեց, որ պատերազմի ժամանակ ուժերը մեր բանակի և հակառակորդի եղել են անհամաչափ, բայց մենք փորձել ենք հնարավորինս ոչնչացնել թշնամուն. «Բոլորս էլ գիտենք, որ թշնամին մեծ չափի կորուստներ է կրել, ինչը թաքցնում է: Պետք է աշխատել թշնամուն հաղթելու ուղղությամբ, պետք է լուրջ միջոցներ ձեռնարկել, թե՛ տնտեսական, թե՛ ռազմական ոլորտներում, մենք այլ տարբերակ չունենք»:

Խոսելով՝ Փաշինյանի մարզային այցելություններից, պատգամավորը նշեց, որ դա քարոզարշավ չէ, վարչապետն իրականացնում է իր պարտականությունները, և հավելեց, որ Սյունիքի մարզում նույնպես նախատեսվում է հանդիպում. «Այս պահի դրությամբ Սյունիքի մարզը իր խնդիրներով և ռազմավարական նշանակությամբ ամենակարևորն է»:

Արմեն Խաչատրյանն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Ադրբեջանը, եթե ուզում է Զանգեզուրով միջանցք, ապա մենք էլ Նախիջևանից, նշեց, որ հայտարարությունից հասկանում է Զանգեզուրով միջանցք տալու անհնարինության մասին. «Ես կարծում եմ, որ Զանգեզուրով, Մեղրիով որևէ միջանցք Ադրբեջանի Հանրապետությանը չի տրամադրվելու: Ճանապարհները ապաշրջափակելու գոնե 3-4 տարբերակ հաստատ կա, և այդ տարբերակներում ՀՀ-ն շատուշատ շահեկան վիճակում է: Այն, որ Ալիևի պատկերացմամբ, իրենց միջանցք է տրվելու, որը պետք է միացնի Նախիջևանը Մեղրիի տարածքով Ադրբեջանին, դա միանշանակ ընդունելի չէ և չի լինելու»:

 

armtimes.com