Հայաստանը ստանձնում է Ֆորումի նախագահությունն այսօր, երբ մի շարք գործոնների պատճառով ԵԱՀԿ տարածքում անվտանգությունը, խաղաղությունը և կայունությունն առավել քան երբևէ վտանգված են՝ ելնելով մի քանի հանգամանքներից:
Առաջին, Եվրոպայի անվտանգության քարտեզը մշտապես ընդգրկել է ավելի լայն աշխարհագրություն, քան ինքնին Եվրոպան, և այս տրամաբանությունն է ներդրված ԵԱՀԿ-ում, որը ձգվում է Վանկուվերից մինչև Վլադիվոստոկ: Եվրոպական անվտանգության աշխարհագրական սահմանները հաստատելուց 46 տարի անց մենք պետք է ընդունենք, որ դրա ներկայիս քարտեզը ոչ ամբողջությամբ է արտացոլում ներկա իրողությունները: Եվրոպական անվտանգության նոր սպառնալիքները գալիս են հիմնականում հարավից՝ միջերկրածովյան և մերձվորաևելյան տարածաշրջաններից: Այս սպառնալիքները, հատկապես՝ օտարերկրյա զինյալ ահաբեկիչների իրողությունը, մեր կազմակերպության տեսադաշտում են եղել դեռևս 2014 թվականից: Այնուամենայնիվ, շատ քիչ բան է արվել անվտանգության այս սպառնալիքներին դիմակայելու արդյունավետ կարողություններ ստեղծելու ուղղությամբ: Արդյունքում՝ 2020թ. ունեցանք ԵԱՀԿ տարածքում Սիրիայից և Լիբիայից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների զանգվածային օգտագործման առաջին դեպքը՝ մեր կազմակերպության լիակատար անգործության պայմաններում:
Եվրոպական անվտանգության անբաժանելությունը պահպանելու անկարողությունն արտացոլվել է նաև դրա քարտեզագրման մեջ: ԵԱՀԿ տարածքը կարծես մասնատված է եվրոպական անվտանգության կենտրոնի և ծայրամասի: Այս երևույթն ակներև է ԵԱՀԿ տարածքում տարաբնույթ հակամարտությունների և ճգնաժամային իրավիճակների նկատմամբ ցուցաբերվող անհամաչափ ուշադրության մեջ:
Երկրորդ, անվտանգության ամրապնդմանն ուղղված ԵԱՀԿ մեխանիզմները կասկածի տակ են դրվել սպառազինությունների վերահսկման էական ռեժիմների և վստահության ու անվտանգության ամրապնդման մեխանիզմների շուրջ աճող տարաձայնությունների պատճառով: Եվ այստեղ ես առաջին հերթին նկատի ունեմ նրանց, ովքեր պաշտոնապես շարունակում են մնալ այդ ռեժիմներում և խարխլել դրանց վստահելիությունը՝ տարիներ շարունակ համակարգված, դիտավորյալ և զանգվածային խախտումներ կատարելով: Արդյունքում՝ սպառազինությունների վերահսկման ռեժիմի ամբողջականությունը լրջորեն խաթարվել է, ինչը հնարավորություն է տվել որոշ մասնակից պետություններին ստեղծել պատերազմելու կարողություններ:
Երրորդ, բազմակողմանիության գլոբալ անկումն ու քայքայումը, որը չի շրջանցել նաև ԵԱՀԿ-ն, այստեղ արտացոլվում է վաղ նախազգուշացման և հակամարտությունների կանխարգելման գործիքակազմի կիրառման հստակ բացթողումներով:
Եվ վերջինը, բայց ոչ նվազ կարևորը` Եվրոպայում անվտանգության և համագործակցության գաղափարը՝ լինի դա խորհրդաժողովի, թե կազմակերպության շրջանակներում, եղել է և շարունակում է մնալ պատերազմի և ուժի կիրառման անընդունելիությունը: