Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները պաշտոնապես Ցեղասպանություն ճանաչելն էլ ավելի վնաս կհասցնի ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների առանց այդ էլ լարված հարաբերություններին, հաղորդում է Reuters-ը։
Haberturk հեռուստաալիքին տված հարցազրույցում պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Բայդենը մտադիր է «Օսմանյան կայսրությունում հայերի սպանությունները ճանաչել որպես Ցեղասպանություն», Չավուշօղլուն հայտարարել է՝ Միացյալ Նահանգները «պետք է հարգի միջազգային իրավունքը»։
«Հայտարարությունները, որոնք իրավական ուժ չունեն, ոչ մի օգուտ չեն բերի, դրանք կվնասեն հարաբերությունները։ Եթե Միացյալ Նահանգները ցանկանում է վատթարացնել հարաբերությունները, որոշումն իրենցն է»,- հայտարարել է Չավուշօղլուն՝ անդրադառալով այն լուրերին, որ ԱՄՆ-ի նախագահը պատրասվում է ճանաչել Հայող ցեղասպանությունը։