Թուրք քաղաքագետ. Անկարայի ռեժիմը լիովին ապուշ կտրած վիճակում է ներքին և արտաքին բացասական զարգացումների հետևանքով.

Ermenihaber.am-ը ապրիլքսանչորսի նախօրեին հատուկ հարցազրույց է անցկացրել թուրք քաղաքագետ, լրագրող և հրապարակախոս Ջենգիզ  Աքթարի հետ: Հարցազրույցում Աքթարն անդրադարձել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի վարած քաղաքականությանը:

— Արցախյան վերջին պատերազմից հետո Հայաստանն ապրիլքսանչորսի նախօրեին ի՞նչ կարող է սպասել Թուրքիայից: Տարածաշրջանային  վերջին զարգացումներով պայմանավորված՝ որևէ փոփոխություն հնարավո՞ր է լինի Անկարայի հայտարարություններում:

— Անկարայի ռեժիմը լիովին ապուշ կտրած վիճակում է ներքին և արտաքին բացասական զարգացումների հետևանքով: Հնարավոր չէ ասել, որ Թուրքիան երկարաժամկետ քաղաքականություն է վարում ցանկացած հարցում, միայն փրկում է օրը: Սակայն ինչ վերաբերում է Հայաստանին, որևէ փոփոխություն չեմ ակնկալում (Թուրքիայի-խմբ.) հարյուրամյա քաղաքականության մեջ:
                
— ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ընտրվելուց մինչև այսօր նա Էրդողանի հետ հանդիպում և հեռախոսազրույց չի ունեցել:  Հաշվի առնելով Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններում առկա լարվածությունը, ի՞նչ եք կարծում Բայդենը ապրիլքսանչորսյան ուղերձում կօգտագործի՞ «ցեղասպանություն» բառը:

— Ինչպես բոլոր  թեմային հետևողները, այնպես էլ ես կարծում եմ, որ նախագահ Բայդենը կօգտագործի ցեղասպանություն բառը: Դա կլինի ոչ թե պատիժ ոչ ժողովրդավար Թուրքիային, այլ՝ ճշմարտության արտաբերում, որն ընդունում է յուրաքանչյուր խելացի մարդ:  Մյուս կողմից Սպիտակ տնից Ամանդա Սլոթը և ուրիշներ, որոնք Անկարայի ռեժիմին շատ հանդուրժողականորեն վերաբերվելու կողմնակիցներ են, կարող են նախագահին հետ կանգնեցնել այդ որոշումից՝ ընդգծելով Թուրքիայի ՆԱՏՕ-ի անդամ լինելու հանգամանքը: 

— Ձեր կարծիքով, Թուրքիայում արդյոք կա՞ն քաղաքական ուժեր, որոնք երբ գան իշխանության Հայոց ցեղասպանությունը ժխտելու փոխարեն կընտրեն այն ճանաչելու ուղին:

— Բացի HDP-ից (Թուրքիայի ընդդիմադիր, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն-խմբ.)՝ ոչ:  HDP-ն էլ հնարավոր չէ, որ իշխանության գա:

— Հնարավո՞ր է հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիան անուղղակի ակնարկներով հանդես գա, կամ էլ նոր նախապայմաններ առաջ բերի:

— Սահմանը բացելու համար որևէ խոչընդոտ չի մնացել, քանի որ արդեն վերացել է այն միակողմանի փակելու պատճառը: Սակայն Անկարայում առկա քաղաքական բալանսը նույնիսկ անհնար է դարձնում դրա (սահմանի բացման-խմբ.) առաջարկը: Նույն ձևով ղարաբաղյան պատերազմին Թուրքիայի փաստացի մասնակցությունը, «կարգավորման» հարցում Հայաստանի նկատմամբ քաղաքականությունն էլ է անելանելի դարձնում:

— Ձեր կարծիքով, մինչև երբ կարող է շարունակվել Անկարայի ժխտողական քաղաքականությունը:

— Ժխտողականության հարցում այսօրվա ռեժիմը (Թուրքիայի ներկայիս իշխանությունը-խմբ.) նախկինից ավելի վատն է: Ցեղասպանության ճանաչումը ԵՄ գործընթացի շրջանակում գուցե հնարավոր էր, սակայն այդ առիթը բաց է թողնվել: Թուրքիայում ցեղասպանությունը չի ճանաչվի քանի դեռ այն չափով  տակնուվրա չի եղել, որ կտեղաշարժի բոլոր քարերը և բոլորովին նոր հասարակական պայմանագիր կձևավորի:  Թուրքիայի աղետալի իրավիճակը  գուցե՞ գլխիվայր շրջվելու սկիզբն է:

Աղբյուր`    Ermenihaber.am