«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Այո՛, Ալիեւի հայտարարությունները պատերազմի սպառնալիք են», – «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ռուսաստանցի քաղաքագետ Մոդեստ Կոլերովը՝ ասելով, թե ժամանակն է, որ Հայաստանը պաշտոնապես դիմի ՀԱՊԿ-ին եւ ՌԴ առանձին, քանի որ սա սպառնալիք է երկրի տարածքային ամբողջականությանը: Ինչպես հայտնի է, անդրադառնալով Զանգեզուրի միջանցքի ստեղծմանը՝ Ալիեւը նշել է. «Մենք կիրագործենք Զանգեզուրի միջանցքի ստեղծման առաջադրանքը, ցանկանա դա Հայաստանը, թե ոչ: Եթե Հայաստանը ցանկանա, դա հեշտ կարելի է լուծել, եթե չցանկանա, մենք դա ուժով կլուծենք»: Եվ, ահա, ռուսաստանցի փորձագետն այստեղ վտանգ է տեսնում՝ ասելով, թե պաշտոնապես դիմելու պարագայում համապատասխան արձագանք կլինի:
«Հայաստանը պետք է ձեւակերպի իր ասելիքը եւ դիմի, քանի որ սա ուղիղ պատերազմի եւ տարածքային ամբողջականության դեմ սպառնալիք է: Այս կոնտեքստում ցանկացած հայտարարություն, որ, օրինակ, Ռուսաստանը տվել է վատ «Իսկանդեր» կամ ինքնաթիռները չի ապահովել համապատասխան սարքավորումներով, պետք է ամենաքիչը ժամանակավոր չանել: Քանի որ որքան այդպիսի հայտարարություններ լինեն, այնքան քիչ կլինի Հայաստանի հանդեպ վստահությունը», – նշեց նա: Կոլերովի խոսքով՝ ՀԱՊԿ-ի պարտավորություններն առաջանում են միայն անդամ երկրի կողմից պաշտոնական խնդրանք եւ դիմումի պարագայում: «Այդպես նաեւ ՀԱՊկ-ից դուրս ՌԴ-ի պարտավորությունները իրականացնելու համար եւս պետք է ուղիղ, բաց տեքստով ասել այդ մասին: Ոչ ոք Հայաստանի փոխարեն նրա խնդիրները չի լուծի: Իսկ դիմելու դեպքում ՀԱՊԿ-ն ու ՌԴ-ն ստիպված կլինեն արձագանքել համապատասխան իրենց պարտավորությունների: Լռել չի ստացվի», – հավելեց նա»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։