Ռոբերտ Քոչարյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է 2005 թվականի իրադարձություններին, երբ Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նամակ էր գրել ՀՀ նախագահին։
«2005 թվականի ապրիլին Հայաստանում պատրաստվում էին մեծ հանդիսավորությամբ ոգեկոչել Հայոց ցեղասպանության զոհերին՝ 90-րդ տարելիցի շրջանակներում։ Նախորդ տարիներին, Հայաստանի իշխանությունների և հայկական դիվանագիտության ջանքերի շնորհիվ, ցեղասպանության ճանաչման գործընթացը մեծ առաջընթաց էր գրանցում»,– նշել է Քոչարյանը։
ՀՀ երկրորդ նախագահի խոսքով` սա չէր կարող չանհանգստացնել հարևան Թուրքիային: Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ Էրդողանը ՀՀ նախագահ Քոչարյանին նամակ էր գրել։
«Էրդողանը հուսահատ փորձ էր անում Հայոց ցեղասպանության հարցը հանձնել պատմաբաններին, սակայն ստացավ արժանի կոշտ պատասխան»,– շեշտել է Քոչարյանը։
ՀՀ նախագահը պատասխանում նշել էր. «Երկկողմ հարաբերությունների զարգացման պատասխանատվությունը կրում են կառավարությունները, և մենք իրավասու չենք այն պատվիրակել պատմաբաններին, ուստի մենք կրկին առաջարկում ենք առանց նախապայմանների մեր երկու երկրների միջեւ հաստատել նորմալ հարաբերություններ»։ Էրդողանի կողմից պատասխան չհաջորդեց։
Քոչարյանի խոսքով` դժվար էր պատասխանել քաղաքական առումով գրագետ, փաստարկված և հեռատես նամակին։