Այսօր՝ ապրիլի 25-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 00:10-ի սահմաններում Գյումրի քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցի 9/1 հասցեի դիմաց բախվել են Շիրակի մարզի բնակիչներ, 30-ամյա Էդիկ Պետրոսյանի վարած Mercedes E124 և 33-ամյա Գեորգի Պողոսյանի վարած Mercedes C200 մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գ. Պողոսյանի ուղևոր, Գյումրիի բնակիչ, 60-ամյա Ալեքսան Պողոսյանը տեղում մահացել է, իսկ ժամը 01:45-ի սահմաններում «Գյումրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Մուշի բաժին հաղորդում է ստացվել, որ նշված ավտովթարի հետևանքով իրեց մոտ են տեղափոխվել Գյումրիի բնակիչներ, 27-ամյա Անահիտ Մարկոսյանը և վարորդ Գ. Պողոսյանը: Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության Գյումրու թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները քաղաքացիների օգնությամբ ավտոմեքենաներից դուրս են բերել վիրավորներին, ապա մահացածի դին մոտեցրել օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենային, իսկ հետո հոսանքազրկել են ավտոմեքենաներն ու փակել գազաբալոնների փականները: Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Մուշի բաժնի հերթապահ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Հ. Մկրտչյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Վ, Սամվելյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչներ Դավիթ Ասատրյանն ու Նաիրի Գասպարյանը, սակայն, երբ դեպքի վայր ժամանած բժիշկներն արձանագրել են քաղաքացու մահը, տեղում արդեն սկսել են աշխատել քննիչները:
shamshyan.com