Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հրապարակել է գաղտնի փաստաթղթեր Չեռնոբիլի ատոմակայանում տեղի ունեցած վթարի մասին

 Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հրապարակել է գաղտնի փաստաթղթեր Չեռնոբիլի ատոմակայանում տեղի ունեցած վթարի մասին, հայտնում է РИА Новости-ն: Այն ներառում է կայանի տնօրեն Վիկտոր Բրյուխանովի առաջին զեկույցը, վթարի պահին կայանի օպերատորների բանակցությունները, Պրիպիատի և հարակից տարածքների գրեթե 45 հազար բնակչի տարհանումը: Բացի այդ, նշված է, որ ռադիացիայի արտահոսքով վթարներ ատոմակայանում էլի են եղել:

Անվտանգության ծառայության համաձայն՝ փաստաթղթերը վերաբերում են քիչ հայտնի փաստերին, օրինակ՝ Չեռնոբիլի ատոմակայանում մինչև 1986-ի ապրիլի 26-ը տեղի ունեցած վթարներին (1982,1984 թթ.) և կայանի ռադիոակտիվության գնահատմանը, ըստ որի այն 60 անգամ ավելի բարձր է եղել Հիրոսիմայում և Նագասակիում ատոմային ռումբերի պայթյունների առաջացրածից:

Ծառայության տվյալով՝ դեռևս 1983 թվականին Մոսկվային զեկուցել էին, որ անվտանգության միջոցների բացակայության պատճառով Չեռնոբիլի ատոմակայանը ԽՍՀՄ-ի ամենավտանգավոր օբյեկտներից մեկն է:

Չեռնոբիլի ատոմակայանում աղետը տեղի ունեցավ 1986 թվականի ապրիլի 26-ին, պայթեց կայանի չորրորդ էներգաբլոկը: Աղետի հետևանքով Բելառուսում ճառագայթային աղտոտման ընդհանուր տարածքը կազմում էր շուրջ 46,5 հազար քառակուսի կիլոմետր (ընդհանուր տարածքի 23%-ը), Ուկրաինայում աղտոտվել էր 12 մարզ՝ 50 հազար քառակուսի կիլոմետր տարածք: Ռադիոակտիվ աղտոտումից տուժել էր նաև Ռուսաստանի 19 մարզ՝ գրեթե 60 հազար քառակուսի կիլոմետր տարածքով ու 2,6 միլիոն բնակչությամբ:

Հեղինակ`Մարիամ Մխիթարյան
1lurer.am