Թուրքիայում Դիարբեքիրի հանրապետական գլխավոր դատախազությունը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն անելու համար Դիարբեքիրի փաստաբանական պալատի դեմ հետաքննություն է սկսել:
Պալատի նախագահի և խորհրդի անդամների դեմ մեղադրանք է առաջադրվել Թուրքիայի քրեական օրենսգրքի՝ «թուրք ժողովրդին, Թուրքիայի Հանրապետությանը, պետական հաստատություններին և օրգաններին նսեմացնելու» մասին համապատասխան հոդվածի հատկանիշներով:
Նշենք, որ Դիարբեքիրի փաստաբանական պալատի թվիթթերյան էջում գրառում էր հրապարակվել, որին կից տեղադրվել էր ամբողջական հայտարարության լինքը:
«Կիսում ենք Մեծ աղետի ցավը: Մենք որևէ տեղ չենք կարող հասնել՝ պատմության խավարից խուսափելով: Հայերի ներկայացրած ճշմարտությունը անցյալի հետ առերեսվելու ամենակենսական հանգույցներից մեկն է»,- նշվում է գրառման մեջ:
Հայտարարության տեքստում անդրադարձ է կատարվել 1915թ. ապրիլի 24-ին հայ մտավորականների ձերբակալությանը և նրանց «անհայտ ճակատագրերին», ներկայացվել վերջին տարիներին նույնաբովանդակ հրապարակումների համար պալատի դեմ առաջադրված մեղադրանքները և թուրքական իշխանություններին և հասարակությանը կոչ արել առերեսվել հայերի ներկայացրած ճշմարտության հետ:
Հիշեցնենք, որ սա Դիարբեքիրի փաստաբանական պալատի դեմ Հայոց ցեղասպանության վերաբերյալ հրապարակում անելու համար հետաքննություն սկսելու առաջին դեպքը չէ: Սրան նախորդող 4 տարիներին նույնպես պալատի անդամների դեմ հետաքննություն է սկսվել և մեղադրանք առաջադրվել:
Օրինակ՝ 2018թ-ին ապրիլի 24-ի առիթով պալատի հրապարակված հայտարարության համար կազմակերպության նախկին նախագահ Ահմեթ Օզմենին և ղեկավար խորհրդի 10 անդամի նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով՝ մասնավորապես «ժողովրդին հրապարակայնորեն ատելության և թշնամության հրահրելու, Թուրքիայի ազգային մեծ ժողովը նսեմացնելու» կետով: