Հայաստանում ժողովրդավարության մակարդակն իջել է․ Freedom House

 Հայաստանում 2018 թ. հեղափոխությունից ի վեր առաջին անգամ ժողովրդավարության ցուցանիշն ընկել է։ Այս մասին տեղեկանում ենք Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակած Nations in Transit. Antidemocratic Turn («Անցումային շրջանի երկրներ. Հակաժողովրդավարական շրջադարձ») զեկույցից: 

Հայաստանը, համաձայն այդ զեկույցի, դասվում է կիսահամախմբված ավտորիտար ռեժիմ ունեցող պետությունների շարքին:

«Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հետ պատերազմը Հայաստանում ներքին ճգնաժամ է առաջացրել: Հեղափոխությունից հետո առաջին անգամ երկրում ժողովրդավարության վարկանիշը նվազել է, և այս տարի տեղի ունեցած իրադարձությունները, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և բանակի միջև լարվածությունը, ցույց են տալիս, որ իրավիճակը կարող է վատթարանալ»,- նշված է զեկույցում։

Այս զեկույցում նաև մատնանշվում է հայ հասարակության համախմբվածությունը, մասնավորապես, 2020թ.՝ Արցախում 44-օրյա պատերազմի օրերին: Իբրև համախմբվածության ակնառու օրինակ՝ զեկույցում անդրադարձ է արվում նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամին կատարված  նվիրաբերություններին։