Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ գերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը։
«Այս պահին պրոցեսը գտնվում է սառը վիճակում։ Մենք կարճաժամկետ հեռանկարում դրական տեղաշարժ չենք ակնկալում, բայց այս ամենը բազմագործոն է, որտեղ գերակշիռ են նաեւ քաղաքական գործոնները, չենք բացառում՝ որոշակի կառույցների, պետությունների վերադիրքավորման արդյունքում լինի տեղաշարժ։ Ունենք հստակ ինֆորմացիա, որ 1-2 ամսվա ընթացքում գերիների վերադարձի դրական տեղաշարժ հաստատ տեղի է ունենալու։ Դրանք վերջնաժամկետներ չեն, բայց փոփոխվող իրավիճակում, երբ շատ արագ են տեղի ունենում զարգացումները, մենք չենք բացառում որոշակի փոփոխությունների պարագայում՝ հարցում տեղաշարժ կարող է արձանագրվել»,- նշեց Սահակյանը։
Նա ընդգծեց՝ արդեն իսկ ականատես ենք լինում, որ շատ ավելի լայն կառույցներ ունեն ներգրավվածություն, որոնք գերիների վերադարձի մասին ավելի շատ են սկսել բարձրաձայնել. «Որոշակի քաղաքական զարգացումներ սպասվում են նաեւ Հայաստանում, որը կարող է ինտենսիվացնել աշխատանքները եւ տեղաշարժեր ապահովել»։
Անդրադառնալով հայ գերիների վերադարձի վերաբերյալ վերջին իրադարձությանը, որը պարզվեց ապատեղեկատվություն էր՝ փաստաբան Սահակյանն ասաց, որ իրենք այդ դեպքի առնչությամբ տեղեկատվության կրող չեն եղել.
«Չենք բացառում, որ ռուս-ադրբեջանական կողմերը տարաբնույթ հարցերի քննարկումների նպատակով կարող են այցելություններ կազմակերպել, բայց միշտ չէ, որ այդ այցելությունները հանգուցալուծվում են նաեւ հայրենադարձությամբ։ Տեղյակ լինելով, որ Մուրադովն այցելել է Բաքու, մենք անվերապահորեն հետեւություն չենք արել, թե գերիներ են հայրենադարձվելու։ Հայրենադարձության դեպքում պետք է որոշակի պայմանավորվածության ձեռքբերում, իսկ նման լարված հայտարարությունների պայմաններում դժվար թե այդ պայմանավորվածությունը հնարավոր լիներ։ Մեզ համար տարակուսելի էր, որ նման բուռն կերպով, նաեւ պաշտոնական հաստատումով հայտարարություններ էին տեղի ունենում»։
Սիրանուշ Սահակյանը նշեց, որ Բաքուն հայ գերիներին վերադարձնելու մի քանի պայմաններ է դրել.
«Պահանջներ կան, եթե պահանջներ չլինեին եւ քաղաքական օրակարգային խնդիրներ չլինեին, ապա հայրենադարձությունը վաղուց տեղի ունեցած կլիներ։ Պատերազմի ավարտը ենթադրում է, որ բոլոր գերիները պետք է հայրենադարձվեն՝ առանց պայմանականությունների։ Բանակցությունների կողմերն էլ արձանագրում են, որ հնարավոր չեղավ բանակցությունների արդյունքում տեղաշարժ արձանագրել գերիների հայրենադարձման հարցում. սա նշանակում է, որ այդ բանակցային սեղանում գերիների հայրենադարձությունը կախվածության մեջ է դրվել քննարկվող քաղաքական թեմաներից։ Հարցը քաղաքականացված է։ Ադրբեջանն իր ձեռքում լծակներ է պահում, որպեսզի երաշխավորի, ստիպի հայկական կողմին լիարժեքորեն կատարել քաղաքական պայմանավորվածություններ. Արցախից ՀՀ ԶՈՒ-երի դուրս բերում, որոշակի տարածքների վերադարձ, նաեւ Սյունիքի առնչությամբ իրավունքներ տրամադրում»։
Սահակյանի պնդմամբ՝ քանի դեռ այս հարցերը բաց են, քննարկումների տիրույթում են, արհեստականորեն գերիների խնդիրը կախվածության մեջ է դրվելու նաեւ այս հարցերից։
Սիրանուշ Սահակյանը հայտնեց նաեւ, որ 72 հայ ռազմագերիների կամ քաղաքացիական գերիների առնչությամբ կան պաշտոնական հաստատումներ. «Ունենք 70 ապացուցված դեպքեր, ունենք հիմնավոր ենթադրություններ, որ շուրջ 50 անձ էլ ենթադրյալ գերիներ կարող են լինել»։