Զինծառայությունից խուսափած անձանց նկատմամբ համաներում կհայտարարվի

 ՀՀ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց կառավարության ներկայացրած օրենքի նախագծին, որով առաջարկվում է համաներում հայտարարել զինվորական ծառայությունից խուսափած և 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված արական սեռի քաղաքացիների նկատմամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության փոխնախարար Արմեն Հովհաննիսյանը:

«Առաջնորդվելով մարդասիրության և համերաշխության սկզբունքներով, ինչպես նաև նպատակ ունենալով հնարավորություն ընձեռել պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց ՀՀ տնտեսական, սոցիալական և այլ ոլորտներում զարգացման համար սեփական ավանդը ներդնելու՝ ՀՀ կառավարությունը որոշել է հանդես գալ համաներում հայտարարելու առաջարկությամբ: Նախագծով առաջարկվում է համաներում հայտարարել մինչև 2020 թվականի սեպտեմբերի 26-ը ներառյալ 27 տարին լրացած շարքային, 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած և ՀՀ քրեական օրենսգրքի միայն 327-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված անձանց նկատմամբ»,-ասաց նա:

Այսպիսով` առաջարկվում է համաներում հայտարարելով՝ քրեական գործի հարուցումը մերժել, հարուցված քրեական գործի վարույթը կարճել, ինչպես նաեւ չիրականացնել քրեական հետապնդում կամ դադարեցնել քրեական հետապնդումն այն անձանց նկատմամբ, որոնք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով (Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորավարժանքից խուսափելը ՝ այդ ծառայությունից ազատվելու՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հիմքերի բացակայության դեպքում):

 Նախագծով առաջարկվում է համաներում հայտարարելով՝ պատժից ազատել այն անձանց`

  1. որոնք դատապարտվել են ազատությունից զրկելու հետ կապված պատժի.
  2. որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, կամ պատժի կրումը հետաձգվել է.
  3. որոնք դատապարտվել են ազատությունից զրկելու հետ չկապված պատժի:

Առաջարկվում է համաներում հայտարարելով՝ դադարեցնել պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված անձանց նկատմամբ իրականացվող վերահսկողությունը:

Նախագծով նախատեսվել են նաև այն պայմանները, որոնց առկայության դեպքում համաներումը չի կիրառվում:

«Հատկանշական է, որ համաներման շահառու են դառնալու հետախուզման մեջ գտնվող անձինք: Նախագծում նախատեսվել է դրույթ առ այն, որ համաներումը կիրառվում է նաև մինչև օրենքի ուժի մեջ մտնելը հետախուզման մեջ գտնվող այն անձանց նկատմամբ, որոնք մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ անձամբ կամովին կներկայանան քրեական հետապնդման մարմիններ, իսկ եթե գործը դատարանի վարույթում է, ապա դատարան»,-ասաց փոխնախարարը:

Նա նաև տեղեկացրեց, որ 2021 թվականի ապրիլի 5-ի դրությամբ՝ Էրեբունի Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության  անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ՝ Քրեական գործերով համաներում հայտարարելու մասին օրենքով համաներում է կիրառվել 4976 անձի նկատմամբ, որոնցից հետագայում հանցանք են կատարել 1152-ը, իսկ նրանցից 249-ը՝ 2 և ավելի անգամ: