Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. Opel-ը բախվել է բետոնե հենասյանը, տապալել այն և հայտնվել ձորակում. ոստիկանության ծառայողը տեղում մահացել է, կա վիրավոր.

Այսօր՝ ապրիլի 29-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 07։00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի բնակիչ` 29-ամյա Ռազմիկ Սարգսյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 15 կմ-ում՝ Սուրբ Նարեկ մատուռի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն, առաջ ընթացել, բախվել բետոնե հենասյանը, տապալել այն և հայտնվել ձորակում՝ բախվելով քարերին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր՝ Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի բնակիչ՝ 38-ամյա Վախթանգ Հայրապետյանը տեղում մահացել է, իսկ վարորդ Ռ. Սարգսյանը  օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Գավառ» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել «Գավառ» բժշկական կենտրոն։ Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գավառի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, ովքեր մահացածի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր են ժամանել են նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանն ու ոստիկանության Գավառի բաժնի պետ Իգոր Մեսրոպյանը։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Կարապետ Համբարձումյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Թորգոմ Ջնդոյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր է ժամանել Գեղարքունիքի փոխմարզպետ Նարեկ Մանուկյանը։ Դեպքի վայր է ժամանել նաև Գեղարքունիքի մարզի դատախազ Ռաֆայել Երիցյանը։ Փաստի առթիվ Թ. Ջնդոյանի որոշմամբ ՀՀ քր.օր-ի 22 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Գավառի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը ոստիկանության ծառայող էր, աշխաում էր ՀՀ ոստիկանության պետական պահպանունա գխավոր վարչության ոստիկանոյն Մարունու բաժանմունքում։ 

 shamshyan.com