Կազանում ընթացող ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին Ադրբեջանը չմասնակցեց, չնայած այն հանգամանքին, որ Ղազախստանը պաշտոնապես հրավեր էր ուղարկել այդ երկրին։ Մինչ այդ, Հայաստանում քննարկվում էր, որ ՀՀ-ն պետք է վետո դնի Ադրբեջանի մասնակցությանը, քանի դեռ այդ երկիրը չի վերադարձրել հայ ռազմագերիներին։
Civic.am-ը զրուցել է քաղաքագետների հետ այն թեմայի շուրջ, թե ինչպիսի զարգացումներ կլինեին Ադրբեջանի մասնակցության պարագայում և ինչով էր պայմանավորված նրա չմասնակցելը։
«Ես չեմ կարծում, թե՛ մասնակցելու, թե՛ չմասնակցելու պարագայում աշխարհը կդադարեր պտտվել իր առանցքի շուրջը։ Ես կարծում եմ, որ ԵԱՏՄ կոչվածին ավելի շատ նշանակություն է տրվում, քան նա արժանի է ընդհանրապես։ ԵԱՏՄ-ին անդամակցող երկու առանցքային երկրներ բավականին ծանր պատժամիջոցների տակ են, և այդ շուկան այնպես չէ, որ շատ մեծ հեռանակարներ ունի, իսկ ինչ վերաբերում է մոդեռնիզացիային, ռեֆորմներին, այդ շուկան, այդ կազմակերպությունը ոչ միայն հեռանկար չունի, այլ ուղղակի գերեզմանոց է»,-ասաց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը։
Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա ըստ քաղաքագետի Ադրբեջանը մասնակցում է և չի մասնակցում՝ ելնելով իր որոշումից, նաև իր և Ռուսաստանի միջև պայմանավորվածությունից, և եթե որոշեր, որ մասնակցելու էր, ապա նա չի կարծում, որ դա այն հարցն էր, որի համար իմաստ ուներ Հայաստանը, պատկերավոր ասած, «կրծքով գնդացիր փակեր» ու դա թույլ չտար։
«Չեմ կարծում՝ դա որևէ բան կարող էր որոշել։ Մենք ունենք մի քանի առաջնահերթություններ՝ կապված Ադրբեջանաի հետ։
Կարճաժամկետ առումով դա իհարկե գերիների հարցն է, մնացած առաջնահերթությունները որոնք հայտնի են, այն ինչ որ մեր դիվանագիտությունն է հայտարարում, դա Հադրութի նաև Շուշիի դեօկուպացիան է, դա կրակի դադարեցման ռեժիմի ինստիտուցիոնալ ձևակերպումն է և իհարկե երկարաժամկետ առումով նաև կոմունիկացիաների ապաշրջափակում։ Այդ հարցերը մեծ հաշվով ԵԱՏՄ-ի հետ չեն առնչվում և նաև մեր առաջնահերթությունների վրա որևէ ձևով չեն ազդում»,-ասաց Ռուբեն Մեհրաբյանը։
Իսկ Ադրբեջանի չմասնակցելը քաղաքագետը պայմանավորում է նրա հետ, որ այն շահ չի տեսնում այդտեղ, մանավանդ, հաշվի առնելով որ ներկայումս հստակ առկա են ռուս-ադրբեջանական տարաձայնություններ՝ սկսած այն պահից, երբ Ռուսաստանը սկսեց հայտարարել, որ սատարում է Մինսկի խմբի ձևաչափով բանակցային պրոցեսի վերսկսմանը։
«Եվ այդ ամենն, իհարկե, հօդս է ցնդեցնում ադրբեջանական քաղաքականության գլխավոր կռվանները։ Այսինքն՝ սա Հայաստանի հետ որևէ ձևով չի առնչվում»,-հավելեց քաղաքագետը։
ՔաղաքագետՍուրեն Պետրոսյանի կարծիքով էլ այս պահին Ադրբեջանի չմասնակցությունը շատ վերլուծաբաններ տարատեսակ խնդիրների հետ են կապում, որոնք անուղղակի առնչվում են նաև մեզ, թեպետ, ինքն այդ կարծիքին չէ։
«Ադրբեջանի չմասնակցելը պայմանավորված է միայն աշխարհաքաղաքական իրենց ուղղությունների հետ, որովհետև ինչպես գիտենք, Ադրբեջանը բավականին երկար ժամանակ է, թեպետ ոչ ֆորմալ, սակայն ցանկություն էր հայտնում ԵԱՏՄ-ին անդամակցելու համար, սակայն դա առաջին հայացքից։ Ըստ էության, դա ուղղակի քայլ էր, որը իր համար խաղաքարտ էր լինելու՝ Արևմուտքի համար սեփական շահ սպասարկելու գործընթացում ավելի մեծ սակարկություններ իրականացնելու համար»,-ասաց քաղաքագետը:
Լիլիթ Թադևոսյան