Իսպանացի ճանաչված լրագրող, El País-ի միջազգային բաժնի նախկին ղեկավար Գիյերմո Ալտարեսը, որը նաև համագործակցում է մի շարք իսպանական և օտարերկրյա լրատվամիջոցների, այդ թվում՝ France Press-ի հետ, ծավալուն հոդված է հրապարակել Հայոց ցեղասպանության մասին, որում նաև ներառված է հարցազրույց թուրք հայտնի պատմաբան, ցեղասպանագետ, ԱՄՆ Քլարկի համալսարանի պրոֆեսոր Թաներ Աքչամի հետ։
«Քաղաքական պատճառներով հերքված ցեղասպանություն» վերնագրով հոդվածում վերջինս նշում է, որ Հայոց ցեղասպանությունն ակադեմիական շրջանակների կողմից հաստատված փաստ է, ԱՄՆ վարչակազմի մոտ նույնպես կասկածներ չկան դրա վերաբերյալ։ «Չկա որևէ կասկած, որ այն, ինչ եղել է հայերի հետ, ցեղասպանություն է։ Ես կարող եմ վստահաբար ասել, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ ավելի շատ փաստաթղթային ապացույցներ կան, քան Հոլոքոստի»,- ասում է Թաներ Աքչամը։