Մայիսի 1-ին ձեռքբերված կրակի դադարեցման հերթական պայմանավորվածությունից հետո Տաջիկստանի ու Ղրղզստանի սահմանապահ զորքերը սահմանից հեռացրել ու մշտական տեղակայման վայր են տեղափոխել լրացուցիչ ուժերն ու միջոցները։ Անցնող օրվա ընթացքում միջադեպեր և փոխհրաձգություն չի գրանցվել։
Այս մասին ռուսական պետական «РИА новости» լրատվական գործակալությանը հայտնել են Ղրղզստանի սահմանապահ ծառայության մամուլի կենտրոնից։ Նշվում է, որ երկու երկրի պաշտպանական գերատեսչությունների սպաների կազմված հանձնաժողովը շարունակում է լրացուցիչ ուժերի ու միջոցների տեղակայման տարածքի վերահսկմանն ուղղված իր աշխատանքը։
Հիշեցնենք, որ ապրիլի 28-ին Ղրղզստանի ու Տաջիկստանի սահմանին անկարգություններ ու բախումներ էին սկսվել նախ քաղաքացիական անձանց, ապա՝ զինվորականների միջև։ Այսօրվա դրությամբ կողմերը հայտնել են ընդհանուր մոտ 50 սպանվածի և ավելի քան 200 վիրավորի մասին։
Ապրիլի 28-ին ղրղզական կողմը հայտարարել էր, որ Տաջիկստանի մի քանի քաղաքացի պետական սահմանի՝ վիճելի համարվող պայմանական գծից 3-4 կմ հեռավորության վրա՝ Աքսու գետի մոտակայքում, խճաքարեր են բեռնել։ Այնուհետ տաջիկստանցի զինվորականները սահմանի էլեկտրասյուներից մեկի վրա տեսադիտարկման սարքեր են տեղադրել, որից հետո սահմանի երկու կողմում հավաքված 100-150 քաղաքացիներ քարեր են նետել միմյանց վրա։
Նույնը օրը համացանցում տեղեկություններ ու տեսանյութեր էին տարածվում երկու կողմից զորքերի տեղաշարժերի մասին։ Արդեն հաջորդ օրն՝ ապրիլի 29-ին, Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեն հայտարարել էր, որ Տաջիկստանի սահմանապահ զորքերն ու ներքին գործերի նախարարության հատուկջոկատայինները նռնականետերից ու ավտոմատներից կրակում են սահմանային Բաթկենի մարզի «Գոլովնոյ» ջրբաժանի ուղղությամբ։ Թեև նույն օրը երեկոյան կրակի դադարեցման համաձայնություն էր ձեռք բերվել, սակայն փոխհրաձգությունը շարունակվել էր։
Նշենք, որ սահմանային լարվածությունները Ղրղզստանի ու Տաջիկստանի միջև նոր չեն․ պատճառն այն է, որ Խորհրդային Միության փլուզումից հետո երկու երկրների միջև պետական սահմանի 970 կիլոմետրից միայն 504 կմ-ն է սահմանազատված։