Կիպրոսի նախագահը անհավանական է համարել Թուրքիայի առաջարկած լուծման տարբերակը

Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսն անդրադարձել է նախորդ շաբաթ Ժնևում ՄԱԿ-ի, Մեծ բրիտանիայի, Թուրքիայի ու Հունաստանի երաշխավորությամբ Կիպրոսի հարցով տեղի ունեցած բանակցություններին: Անաստասիադիսի խոսքո՝ այդ բանակցություններն անարդյունք են ավարտվել Թուրքիայի ու Կիպրոսի թուրքական հատվածի առաջ քաշած լուծման տարբերակի  պատճառով, ըստ որի՝ նրանք ցանկանում են հարցը լուծել կղզում 2 առանձին պետություն (թուրքական և հունական) ստեղծելու միջոցով:  

Ըստ Կիպրոսի նախագահի՝ այս տարբերակը միջազգային իրավունքի բացահայտ խախտում է և դրա կիրառման ամենափոքր հավանականությունն անգամ չի կարող լինել:

«Մենք հերթական անգամ ականատես եղանք Թուրքիայի ապակառուցողականությանն ու նոր Օսմանյան կայսրության երազողների հանդգնությանը: Ժնևյան ոչ պաշտոնական գագաթնաժողովին Թուրքիան ու Կիպրոսի թուրքական ղեկավարներն իրենց հռետորաբանության պատճառով ևս մեկ պատմական հնարավորություն կորցրեցին: Թուրքիայի այս ցանկությունը ոչ միայն միջազգային իրավունքի խախտում է, այլ նաև մարտահրավեր է Կիպրոսի հույներին»,- ասել է Կիպրոսի նախագահը:

Նշենք, որ Թուրքիայի իշխանությունները վերջին շրջանի իրենց հայտարարություններում մերժում են Կիպրոսի հարցը դաշնային կամ համատեղ պետություն ստեղծելու կամ մեկ այլ ճանապարհով լուծելու տարբերակները՝ առաջ քաշելով Կիպրոսում 2 առանձին պետություն հիմնելու գաղափարը: 

Հիշեցնենք, որ 1974-ին Թուրքիան կղզու թուրք փոքրամասնության «իրավունքների խախտումները կանխելու» պատրվակով զորք է մտցրել Կիպրոս՝ օկուպացնելով կղզու շուրջ 40 տոկոսը:

1983 թվականին կղզու թուրքական հատվածը ինքնահռչակվել է որպես Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն, սակայն այդ պետությունը ճանաչված է միայն Թուրքիայի կողմից։ Միջազգային իրավունքի համաձայն Կիպրոսը համարվում է ինքնիշխան պետություն՝ 1974 թվականին ունեցած ամբողջական տարածքով։ ՄԱԿ–ի Անվտանգության Խորհրդի № 541 որոշման համաձայն Հյուսիսայի Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը համարվում է անօրինական, իսկ թուրքական զինված ուժերը պետք է դուրս բերվեն կղզուց։

 

ermenihaber.am