Քրեական պատասխանատվություն՝ պետհամարանիշների հափշտակության համար․ նախագիծ HETQ

 Դատախազությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշների հափշտակության, ինչպես նաև շորթման համար։ Քրեական օրենսգրքում համապատասխան փոփոխություններ կատարելու նախագիծը դատախազությունը հանրային քննարկման է ներկայացրել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ 

Առաջարկվող կարգավորումը վերաբերում է օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերին։ Մասնավորապես 324-րդ հոդվածի 1-ին մասը քրեական պատասխանատվություն է սահմանում քաղաքացու անձնագիրը կամ նույնականացման քարտը կամ կարևոր այլ փաստաթուղթը հափշտակելու համար, իսկ 2-րդ մասը՝ պատասխանատվություն է նախատեսվում պաշտոնական փաստաթղթեր, դրոշմներ կամ կնիքներ հափշտակելու, ոչնչացնելու, վնասելու կամ թաքցնելու համար, որը կատարվել է շահադիտական դրդումներով կամ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով։ Ըստ դատախազության՝ 324-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված հանցակազմերի ձևակերպման առումով առկա է իրավական որոշակիության խնդիր։

Դատախազության ներկայացրած տվյալներով՝ 2020 թվականին և 2021 թվականի հունվար-փետրվար ամիսներին միայն Երևանում արձանագրվել է ավտոմեքենաների համարանիշների հափշտակության 306 դեպք, որոնցից 261-ով որոշումներ են կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին հանցակազմի, հանցագործության դեպքի և դիմողի բողոքի բացակայության հիմքերով։

Այդ դեպքերից 42-ով հարուցվել է քրեական գործ, երբ հափշտակված համարանիշները վերադարձնելու դիմաց ավտոմեքենայի սեփականատիրոջից որոշակի հատուցում է պահանջվել: Ըստ դատախազության՝ քրեական գործեր չեն հարուցվում այն հիմնավորմամբ, որ հաշվառման համարանիշները հափշտակության առարկա չեն հանդիսանում, քանի որ իրենցից որևէ արժեք չեն ներկայացնում, մինչդեռ հափշտակության առարկա կարող են հանդիսանալ ցանկացած տեսքով ապրանքանյութական արժեքները, որոնք ունեն արժեքի տնտեսական հատկանիշ:

Այժմ դատախազությունն առաջարկում է ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի առարկաների շարքում ներառել նաև տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշները և ըստ այդմ՝ քրեական պատասխանատվություն սահմանել դրանց հափշտակության համար: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ ավտոմեքենաների համարանիշների նկատմամբ կատարվող ոտնձգությունների արդյունքում երբեմն սեփականատիրոջը պատճառվում է խոշոր գույքային վնաս, որը առավել մեծ պահանջարկ ունեցող համարանիշների դեպքում կարող է հասնել մինչև 8 միլիոն դրամի, միևնույն ժամանակ չբացառելով 324-րդ հոդվածի մյուս առարկաների դեմ ոտնձգությունների արդյունքում ևս տուժողին խոշոր վնաս պատճառելու հնարավորությունը՝ առաջարկվում է հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում առանձնացնել որակյալ հանցակազմեր՝ քրեական պատասխանատվություն նախատեսելով հոդվածի 1-ին մասում նախատեսված արարքի համար, որը պատճառել է համապատասխանաբար խոշոր կամ առանձնապես խոշոր վնաս:

Նշենք, որ առաջարկվող փոփոխությունները դեռևս օրենքի նախագծի կարգավիճակում են։ Այն սկզբում պետք է արժանանա կառավարության հավանությանը, ապա քննարկման դրվի Ազգային ժողովում։

hetq.am